«Եվրատեսիլ 2014»-ի եզրափակիչ փուլին մնացել են հաշված ժամեր: Մրցույթի հայաստանյան պատվիրակությունը պատրաստվում է Արամ MP3-ի եզրափակչի ելույթին: Կոպենհագենից Առաջին ալիքի PR մենեջեր Արուսյակ Զախարյանը «Արմենպրես»-ին պատմեց, որ նախապատրաստական վերջին աշխատանքներն են իրականացվում:
«Պատվիրակության անդամների տրամադրությունը բարձր է, նաև` սպասողական: Մենք հույս ունենք, որ 7 թիվը հաջողություն է բերելու մեզ այսօր»,- տպավորոթյունները փոխանցեց Զախարյանը` հավելելով, որ ամեն ինչ արվում է լավ և, ամենակարևորը, հիշվող ելույթ ունենալու համար:
Մայիսի 10-ին երեկոյան կայանալիք եզրափակչում 7 համար ներքո «Not alone» երգով ելույթ ունեցող Արամ MP3-ի հետ Կոպենհագենում է մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական շուրջ 30 հոգուց բաղկացած թիմը, երգչի կինը, ինչպես նաև ընկերները «Վիտամին» հումորային ակումբից:
Եվրոպայի հեռարձակողների միությունը հրապարակել է այն ցուցակը, որում ներկայացված են «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթին մասնակցող երկրների` իրենց գնահատականները հայտարարելու հաջորդականությունը:
Հայաստանը կլինի 15-րդ երկիրը, որը կհրապարակի իր քվեարկության արյունքները: Հայաստանյան արդյունքները կհայտնի հեռուստահաղորդավար Աննա Ավանեսյանը: Երեսունյոթ երկրներում քվեարկության արդյունքների հրապարակումը կսկսի Ադրբեջանը, իսկ կեզրափակի` Սլովենիան: Բոլոր երկրները` բացառությամբ Ֆրանսիայի, իրենց միավորները կհայտնեն անգլերենով: Հայաստանում մրցույթի եզրափակչին հեռուստադիտողները կարող են հետևել 23:00-ից` Առաջին ալիքի ուղիղ եթերում: