Գաղտնիք չէ' առողջ, խնամված և գեղեցիկ ատամներ ունենալու համար անհրաժեշտ է դրանք ճիշտ խնամել: Ինչպե՞ս խնամել ատամները, ի՞նչ առանձնահատկություններ կան, որոնք պետք է իմանալ' ատամների ճիշտ խնամքն ապահեվելու համար Ladynews.am-ը փորձեց պարզել ատամնաբույժ Յուլիա Գադակչիյանից:

 

«Ատամների խնամքը պետք է սկսել առաջին ատամն ունենալու ժամանակվանից, այսինքն' հենց բալիկն ունենում է առաջին ատամը, և բնականաբար, դա պետք է անի ծնողը», - խոսելով թեմայից ասաց Յուլիա Գադակչիյանը: Նրա խոսքով' կան բերանի խոռոչի 500 մանրէներ, որոնց գերակշռող մասը պայմանական-վնասակար են, բայց իրենց գործունեությամբ ապահովում են բերանի խոռոչի նորմալ միկրոֆլորան:

 

Ըստ ատամնաբույժի' որոշ պայմանների փոփոխության դեպքում մանրէները դառնում են վնասակար. «Բնական ատամները, դրոշմները կարճ ժամանակում պատվում են թաղանթով, որի մեջ մի քանի ժամ անց կուտակվում են մանրէներ' առաջացնելով ատամնափառ: Ժամանակին չմաքրելու դեպքում ատամնափառը հանքայնանում է և դառնում ատամնաքար: Վերջիններիս կարծր մասի 70 տոկոսը մանրէներն են, որոնք սկսում են արագ աճել և զարգանալ' արտադրելով թունավոր նյութեր: Մանրէների գործունեության արգասիքներն էլ բերում են տհաճ համի և հոտի առաջացման»:

 

Այս խնդիրներից խուսափելու համար մասնագետը ներկայացրեց, թե ինչպես խնամել ատամները. «Ատամները պետք է մաքրել օրվա ընթացքում երկու անգամ' առավոտյան և երեկոյան, բայց քանի որ խոզանակելիս մաքրվում է ատամի մակերեսի 65 տոկոսը, ապա մնացած 35 տոկոսը պետք է մաքրել հատուկ միջատամնային թելերով»: Ինչպես նշեց ատամնաբույժը, օրվա ընթացքում ածխաջրածիններով հարուստ սնունդ օգտագործելիս ցանկալի է ատամներն ամեն ուտելուց հետո լվանալ: «Ատամները խոզանակելուց և միջատամնային թելերով մաքրելուց հետո, ցանկալի է' մաքրեք նաև լեզվի մակերեսը և բերանի խոռոչը, դրանից հետո միայն կարելի էասել, որ ատամները մաքրած վիճակում են»,- ասաց Յուլիա Գադակչիյանը:

Նա նաև նշեց, որ տարին երկու անգամ անհրաժեշտ է այցելել ատամնաբույժի' կանխարգելիչ զննման:

 

Շողիկ Գալստյան