Գեղեցիկ ժպիտը շատ դեպքերում ունակ է թեթեւացնել մեր կյանքը. ժպտացող մարդիկ վստահություն են ներշնչում եւ համակրանք առաջացնում: Սակայն դրա համար հարկավոր է խնամել ոչ միայն ատամները, այլեւ լնդերը:
Լնդերի մերսումը կօգնի ձեզ դրանք պահել առողջ վիճակում, ինչպես նաեւ կազատի արյունահոսությունից: Բացի այդ, սա առավոտյան առույգանալու լավ միջոց է: Մերսումից հետո արյան հոսքը դեպի լնդեր ուժգնանում է, թքագեղձերն ավելի լավ են աշխատում, եւ օրգանիզմն արագ է արթնանում:
Մերսման համար ձեզ հարկավոր է փափուկ մազիկներով խոզանակ: Ատամների խոզանակը միջին կարծրության է, այն շատ պինդ է լնդերի մերսման համար եւ կարող է վնասել: Այդ պատճառով ձեռք ենք բերում փափուկ մազիկներով խոզանակ, լվանում ենք տաք ջրով, այնուհետեւ մատներով տրորում մազիկները: Հիմա բերանն ատամի հեղուկ ենք լցնում, այն պահում բերանում եւ փափուկ խոզանակով արտաքին կողմից տրորում լնդերը: Խոզանակը շարժեք դանդաղ, յուրաքանչյուր կողմից՝ 2-3 րոպե: Հարկավոր է լնդերը մերսել ուղղահայաց եւ հորիզոնական շարժումներով:
Կարելի է մերսել նաեւ քիմքն ու լնդերի ներքին հատվածը: Բուժական-պրոֆիլակտիկ մածուկը լցնում ենք մատին եւ դրանով լնդերը տրորում՝ առանց ուժեղ սեղմելու: Մերսումն ավարտելուց հետո բերանը ողողեք գոլ ջրով: