Ծրագրավորող Վահրամ Գևորգյանն ստեղծել է «Անահիտ» հեքիաթի ինտերակտիվ տարբերակը: Այն հնարավորություն է տալիս երեխային՝ միաժամանակ լսել հեքիաթը և դիտել շարժական նկարների միջոցով: Ի դեպ՝ երեխան ինքը կարող է ընտրել, թե պատկերի որ հատվածը շարժվի: Ինտերակտիվ հեքիաթը նախատեսված է միայն iPad-ի և iPhone-ի համար:
«Նմանատիպ արտասահմանյան շատ հեքիաթներ էի տեսել և ցանկացա, որ մենք էլ ունենաք: Ստեղծել եմ հայրիկիս հետ միասին, բավական երկար ժամանակ է պահանջվել: Սա նման հայկական միակ նախագիծն է: Վերջերս իմացա, որ Կապանում հեքիաթն օգտագործում են աուտիզմով հիվանդ երեխաների բուժման համար»,-ասաց նա:
Վահրամ Գևորգյանը տեղեկացրեց, որ հեքիաթը կարելի է լսել երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն ու անգլերեն, որից ռուսերենը կարդում է ազգությամբ ռուսը, իսկ անգլերենը՝ բրիտանացին:
Հեքիաթը կարելի է ներբեռնել Apple Store-ից (այն վճարովի է): Ներկայում Վահրամ Գևորգյանն աշխատում է մեկ այլ հեքիաթի վրա, որի անունը նախընտրեց դեռևս չտալ: