Հոկտեմբերի 26-ին' ժամը 16։00-18։00-ն «Անդերգրաունդ» փաբում (Նալբանդյան 48, նախկին Գինետուն) տեղի կունենա Արեգ Ազատյանի «ԹՌՉՈՂ ԱՖՐԻԿԱՑԻՆ» վեպի («Տիգրան Մեծ» հրատ., 504 էջ) շնորհանդես-վաճառքը։
Նշենք, որ Արեգ Ազատյանը մի շարք պետական և միջազգային մրցանակների դափնեկիր է (ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ, Ռուբեն Սևակի անվան գրական մրցանակ, Terre d'Armenie միջազգային փառատոնի' Տարվա լավագույն հայազգի գրող և այլն)։ Նա նաև ՀՀ Գրողների միության անդամ է, 4 գրքի և մի շարք ֆիլմերի հեղինակ։
Գրքի հերոսը հայ երիտասարդ է, ով ճամփորդում է Աֆրիկայում։ Նրա նպատակն է բացահայտել այդ հեքիաթային մայրցամաքն ու գրել դրա մասին։
«Երիտասարդ արձակագրի վեպի հերոսը ճանապարհորդում է աֆրիկյան երկրներում, ծանոթանում տարբեր մարդկանց հետ: Վեպում սյուժետային ընդհանուր գիծ չկա, հերոսն է, որ միավորում է տարբեր նովելները, որոնք ընկալվում են առանձին-առանձին' սյուժետային ինքնուրույն պատումով, մեծ մասամբ՝ պրիտչաներ են՝ իրենց անսպասելի լուծումներով»:
ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ
Հատված գրքից. «Ես գիտեմ, որ կգա մի պահ երբ Մորոեսին ինձ կասի հաջողություն, բարեմախթանքներ կհղի, կողջագուրվի ու պինդ գրկախառնվելուց հետո ես ինձ լքված կզգամ։ Կտխրեմ ու չեմ ցանկանա վերադառնալ տուն։ Տարօրինակ զգացում էր, որը դժվար էր նկարագրել։ Այն բացառիկ բաները, որ տեսա այստեղ ու զգացի, կարծում էի, որ այլևս երբեք չեմ հանդիպելու։ Ինձ թվում էր, թե թողնում եմ իմ սերը, որը հենց նոր եմ գտել։ Գիտեի, որ կգա մի պահ, երբ աշխարհն ինձ համար կդադարի պտտվել ու կգրկեմ Երկրի այն հատվածը, որը միշտ արծվի լայն բացված թևի եմ նմանեցրել և կբռնեմ այդ թևից ու կթռչեմ։ Ցավոք միայն մի թևն է Աֆրիկան։ Այն ասես միթևանի արծիվ է, որը վայրէջք է կատարում»։
Նշենք նաև, որ գիրքը շնորհանդեսի ժամանակ կվաճառվի կես գնով։