Շուտով տեղի կունենա երիտասարդ արձակագիր Արեգ Ազատյանի «Թռչող Աֆրիկացին» նոր գեղարվեստական գրքի շնորհանդեսը։
Նշենք, որ Արեգ Ազատյանը մի շարք պետական և միջազգային մրցանակների դափնեկիր է (ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ, Ռուբեն Սևակի անվան գրական մրցանակ, Terre d'Armenie միջազգային փառատոնի «տարվա լավագույն հայազգի գրող» և այլն)։ Նա նաև ՀՀ Գրողների միության անդամ է, 4 գրքի և մի շարք ֆիլմերի հեղինակ։
Գրքի շնորհանդեսից առաջ Mediamall.am-ը զրուցեց հեղինակի հետ։
- Ի՞նչ կապ ունի հայ գրողը Աֆրիկայի հետ։
- Կարծում եմ՝ հայ գրողը, ընդհանրապես ցանկացած գրող, կարող է կապ ունենալ ցանկացած մայրցամաքի, պետության ու քաղաքակրթության հետ։ Գրքի հերոսը հայ է, հայ երիտասարդ, ով պարզապես ճամփորդում է։ Նրա նպատակն է բացահայտել այդ հեքիաթային մայրցամաքն ու գրել դրա մասին։
Աֆրիկան ինձ համար մեծ բացահայտում էր։
- Գրքի բոլոր 54 գլուխներում մենք տեսնում ենք երազկոտ ու տխուր մարդկանց. որքանո՞վ է ընդհանրացնում Թռչող Աֆրիկացին այդ բոլորի կերպարը։
- Թռչող Աֆրիկացու կերպարը մեկն է այն տասնյակ հերոսներից, որոնք կան գրքում։ Այո, իմ հերոսը հիմնականում հանդիպում է տխուր ու երազկոտ մարդկանց, որոնք երազում են փախուստի, հոգևոր ազատության մասին։ Նրանց մեծ մասը սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեն, և շատերի երազանքներն առաջին հայացքից շատ ծիծաղելի կարող են թվալ։ Ինչո՞ւ «Թռչող Աֆրիկացի». հերոսի ցանկությունը շատ պարզ է՝ նա երազում է ծովի վրայով թռչել ու հասնել Եվրոպա, որպեսզի գումար աշխատի, սակայն ծովում շնաձկների բաժին է դառնում։
- Ձեր հերոսի ճամփորդությունը կարո՞ղ էր Հայաստանում լինել։
- Գրքում համեմատականներ են տարվում Հայաստանի հետ։ Այդ իմաստով Աֆրիկայի ընտրությունը պատահական չէր։ Ու թեև գիրքը զերծ է քաղաքական ենթատեքստից, սակայն հայ ընթերցողին շատ բաներ հոգեհարազատ կարող են թվալ։
- Աֆրիկացիների հետ շփումը ի՞նչ փոխեց ձեր կյանքում։ Եթե Աֆրիկան փոխելու հնարավորություն ունենայիք, կուզեի՞ք, որ իրական Աֆրիկան նման լիներ ձեր ստեղծած վերջին՝ «Միացյալ Աֆրիկայի Հանրապետությանը»։
- Այո´։ Ամենամեծ արգասիքն այս գիրքն էր. այն ինձ «թևեր» տվեց։ Անշուշտ, կուզեի, որ Աֆրիկան նման լիներ այդ երկրին, սակայն ամեն ինչ փոխելը, կարծում եմ, անհնար է։ Հեքիաթներին ոչ բոլորն են հավատում։ Շատերը երազում են, իսկ շատերին այդ երազները իրականություն են թվում։
- Ո՞վ կարող է լինել այս գրքի ընթերցողը։
- Բոլորը։ Ցանկացած մարդ, ում հետաքրքիր է ճամփորդությունը, ով ուզում է շփվել իրական ու անկեղծ մարդկանց հետ։ Թեև գիրքը չէի համարի արկածային, սակայն այդ տեսակ գրականության սիրահարներին այն նույնպես կարող է հետաքրքրել։
- Երբևէ մտածե՞լ եք գիրքը էկրանավորելու մասին։
- Այո´, բայց ոչ ամբողջությամբ, մի քանի առանձին նովել միայն։ Սակայն դրանց էկրանավորումը մեծ գումարների հետ է կապված։
- Կա՞ն հեղինակներ, որոնցից ոգեշնչվել եք։
- Այո´, իհարկե կան։ Նրանք շատ են ու շատ տարբեր։ Պարզապես մի քանիսի անունը կնշեմ' Ֆրանց Կաֆկա, Ալբեր Քամյու, Դոստոևսկի, Վիլյամ Սարոյան, Խորխե Լուիս Բորխես, Հովհաննես Թումանյան, Իսահակ Բաբել և այլք։
- Մեր օրերի երիտասարդներն ընթերցասե՞ր են։
- Մեր օրերում գեղարվեստական գրականությունը հիմնականում հրատարակվում է 500-1000 տպաքանակով, ի դեպ' ոչ միայն Հայաստանում։ Սակայն այսօր ընթերցանության համար այլ աղբյուրներ նույնպես կան (ինտերնետ և այլն)։ Եթե խոսենք հայ երիտասարդների մասին, ապա այո, համոզված եմ, որ կարդում են։ Մենք հրաշալի երիտասարդություն ունենք։ Գրականության պրոպագանդան դեռ այնքան էլ ակտիվ չէ, սակայն մեծ հեռանկարներ կան, որ շատ շուտով որակյալ գրականություն ընթերցելը նույնպես նորաձև կհամարվի։
- Հայ գրականության նորագույն շրջանի հանճարների ստեղծած գրականությունից հետո շատ է քննարկվում ժամանակակից հայ գրականության չլինելու, կամ լինելու դեպքում' անորակ լինելու հարցը. ի՞նչ կասեք այս մասին։
- Այս հարցն անմիջական կապ ունի նախորդի հետ։ Կրկին պրոպագանդայի հարց է։ Այսօր ոչ միայն գրականության ոլորտում, այլև, կարելի է ասել' ամենուր, ընդունված է ասել, որ առաջ լավ էր, առաջ կար, իսկ հիմա չկա կամ հիմա չի կարող լինել։ Ես կտրականապես համաձայն չեմ այդ դիրքորոշման հետ։ Մեզանում միշտ էլ եղել են շնորհալի և տաղանդավոր արվեստագետներ, գիտնականներ և այլ մասնագետներ, և միշտ էլ կլինեն։ Ամեն ինչ չէ, որ ենթարկվում է «պահանջարկի» շուկայական պայմաններին։
- Եվ վերջին հարցը. ի՞նչ ձևաչափով է անցկացվելու գրքի շնորհանդեսը։
- Աֆրիկյան ոգով' «անդերգրանունդ» փաբում։ Կլինի շնորհանդես-վաճառք։ Երաժշտություն, հյուրասիրություն, ելույթներ։ Կարծում եմ' ուրախ ու պայծառ կանցնի։
Եվ վերջում ներկայացնում ենք հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի կարծիքը երիտասարդ տաղանդաշատ արձակագրի նոր գրքի վերաբերյալ. «Երիտասարդ արձակագրի վեպի հերոսը ճանապարհորդում է աֆրիկյան երկրներում, ծանոթանում տարբեր մարդկանց հետ: Վեպում սյուժետային ընդհանուր գիծ չկա, հերոսն է, որ միավորում է տարբեր նովելները, որոնք ընկալվում են առանձին-առանձին' սյուժետային ինքնուրույն պատումով, մեծ մասամբ՝ պրիտչաներ են՝ իրենց անսպասելի լուծումներով»:
Զրուցեց Լիա Թահմազյանը