Բրիտանացի գիտնականները, ուսումնասիրելով Մարսից Երկրի վրա ընկած երկնաքարերը, պարզել են, թե որ քիմիական գործընթացներն են հանգեցրել Մարսի մթնոլորտի հնագույն շերտի անհետացմանը, որի շնորհիվ նախկինում կարմիր մոլորակի վրա ավելի մեղմ կլիմա էր տիրում: Այս մասին ասվում է Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում, որը մեջբերում է РИА Новости-ն:
Գլազգոյի համալսարանի գիտնականները և Լոնդոնի Բնության պատմության թանգարանի մասնագետների խումբը ուսումնասիրել են 1931 թվականին ԱՄՆ-ում հայտնաբերված երկնաքարը, որը կշռում էր 800 գրամ: Արդյունքում՝ գիտնականները հանգել են եզրակացությանը, որ 11 մլն տարի առաջ այն տիեզերք է նետվել Մարսի մակերեսից՝ խոշոր աստերոիդի անկման հետևանքով:
Գիտնականները, հետազոտելով երկնաքարի միներալային բաղադրությունը, ուշադրություն են դարձրել նրանում սիդերիտ հանքային նյութի առկայությանը, որի բյուրեղների կառուցվածքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք ձևավորվել են ածխաթթու գազի կլանման արդյունքում՝ ջրի առկայության պարագայում: Այս կերպ գիտնականներին առաջին անգամ հաջողվել է անմիջականորեն բացահայտել այս երևույթի հետքերը Մարսի մակերեսին: