Պարզվում է, որ Արեգակնային համակարգի ստեղծման ժամանակ Վեներայի մակերևույթը բավականին դանդաղ էր սառչում: Մթնոլորտի ջերմաստիճանը գերազանցում էր 460 աստիճանը, ինչի պատճառով խոնավությունը չէր հասցնում անհետանալ, գրում է tert.am-ը՝ հղում տալով Russia Today-ին, որն էլ իր հերթին հղում է կատարում Nature ամսագրին:
Հեղուկի մեծ մասը գոլորշիացել է: Մթնոլորտում հիմնականում սկսել է գերիշխել ածխաթթու գազն ու ծծմբաթթուն: Բարեբեր հողերի փոխարեն մակերևույթի վրա առաջացել են անապատներ և հրաբուխներ: Նման գործընթացները տևել են միլիոնավոր տարիներ, ինչի արդյունքում մոլորակը վերածվել է անջուր թթվային անապատի:
Իսկ Տոկիոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ Երկիրը և Վեներան ստացել են տաքության տարբեր քանակներ, ինչն ազդել է դրանց սառեցման գործընթացի վրա: Որոշ գիտնականներ նշում են, որ վարկածը վստահելի է թվում, սակայն մոլորակի ջրազրկման պատճառներն իմանալու համար անհրաժեշտ է հետազոտել Վեներայի հողի նմուշները: