Երեկ երգչուհի Լիանան դառձավ 33 տարեկան: ESem.am-ը շնորհավորեց երգչուհուն, ով ուրախ տրամադրությամբ պատմեց ամուսնու մատուցած անակնկալի և ծննդյան տոնի կապակցությամբ հավաքույթի մասին:
Երգչուհու խոսքերով' ինքն ամեն տարի հետաքրքիր և օրիգինալ է նշում ծննդյան օրը և միշտ մեծ ոգևորությամբ է հիշում դրանք: «Շատ բարձր տրամադրություն ունեմ, կեսգիշերից մեր տանը տոնական տրամադրություն է տիրում, ուղիղ տասներկուսին ամուսինս շնորհավորեց ու ծաղիկներ և հաճելի նվեր մատուցեց ինձ: Շատերն են հիշել ու շնորհավորական մաղթանքներ հղել ինձ, բայց կա մի աղջիկ, ում շնորհավորանքին սպասում եմ արդեն մի քանի տարի: Վստահ եմ' եթե նա կարդա այս նյութը, կհասկանա, որ խոսքս իր մասին է»,- ասաց երգչուհին:

Լիանայի հավաստմամբ' ինքը երբեք ուշադրություն չի դարձրել նյութական նվերներին: Իր համար ամենամեծ նվերն ընտանեկան համերաշխությունն ու ներդաշնակությունն է: «Ինձ համար անկարևոր են նյութական արժեքավոր նվերները, կյանքից ունեցած լավագույն նվերս ընտանիքս ու ընկերներս են, նրանց առողջ ու միասնական լինելը: Իհարկե, օրիգինալ նվերների հանդեպ էլ անտարբեր չեմ: Այս տարի ընկերուհուս կողմից շատ յուրահատուկ նվեր եմ ստացել. փոքրիկ բումերանգ է, գլխին կենդանու պատկեր է, իսկ վրան փորագրված է' «Աշխարհին շռայլած բարիքդ թող բումերանգի պես քեզ վերադառնա: Սիրով' Հաջյան Իննա»»,- նշեց Լիանան, ով վաղ առավոտից ընտանիքի և հարազատների հետ սկսել է նշել ծննդյան խնջույքը: Երեկոյան այն կշարունակվի ռեստորանային համալիրներից մեկում:

Խոսելով ստեղծագործական նորությունների մասին' Լիանան նշեց. «Ստեղծագործական նորություններից խոսելիս շատ եմ նեղվում. վերջին տարիներին այնքան խառն եմ, որ ժամանակ չեմ գտնում մասնագիտական գործունեություն ծավալելու համար: Վերջին երեք տարիներս միայն ամուսնուս և փոքրիկիս եմ նվիրել, այլ բաների մասին մտածելու ժամանակ էլ չեմ ունեցել, բացի այդ, կարծում եմ' դեռ թե´ ֆիզիկապես, թե´ հոգեպես պատրաստ չեմ բեմ վերադառնալ: Կան երգեր, որոնց հիման վրա կարող եմ տեսահոլովակ նկարահանել: Սակայն ցանկանում եմ յուրահատուկ մի բան մտածել, ուզում եմ վերադարձս ինքնանպատակ չլինի, նոր գործս սիրվի ու ընդունվի հանդիսատեսի կողմից: Մայրս էլ հաճախ զայրանում է' ասելով, որ գործի անցնելու ժամանակն է»:
Չնայած վերջին տարիներին Լիանան հաճախ չի երևում հեռուստատեսությամբ' անգործ էլ չի մնում. նա երգում է ռեստորաններից մեկում:
ESem.am-ը շնորհավորում է երգչուհուն և անձնական ու ստեղծագործական հաջողություններ մաղթում:

 

Շնորհավորեց Մերի Պողոսյան