Տևական ստեղծագործական դադարից հետո «Թիվ 5» խմբից հայտնի Ալբերտը կվերադառնա և լսարանի ուշադրությանը կներկայացնի նոր զուգերգ, որի մասին առաջինը ESem.am-ին է մանրամասներ պատմել:

 

 

 

«Ստեղծագործական դադարս պայմանավորված էր անձնական խնդիրներով, սակայն ուժերս հավաքեցի ու կրկին անցա աշխատանքի»,- ասաց նա` հավելելով, որ առաջարկ է ստացել երիտասարդ ռեփեր Գև NC-ի կողմից ու համաձայնել համագործակցել: Նոր երգը կոչվում է «Գնա,գնա», խոսքերը գրել է Գևը, գործիքավորումն արել է Մոսը. «Երբ աշխատում էինք խմբով, ունեցել ենք գործեր, որտեղ եղել են ռեփի կտորներ, այդ իսկ պատճառով սա իմ աշխատանքներում նորմուծություն չեն համարում»:

Ռեփ ստեղծագործությունները ենթադրում են նաև ժարգոնային տեքստ, սակայն երգիչը նշեց, որ իրենց տարբերակը հասանելի կլինի նաև հեռուստատեսության համար.  «Բնականաբար, ռեփը գրվում  է առօրյա լեզվով, սակայն եթե ես համարեի, որ  սա այնպիսի աշխատանք է, որը չպետք է հեռարձակվի հեռուստատեսությամբ,  մեր համագործակցությունը չէր կայանա»:

 

 

 

Տեսահոլովակի ռեժիսորը Վահե Համբարձումյանն է: Երգչի խոսքով` տեսահոլովակն ունի սյուժետային գիծ, որը յուրաքանչյուրին յուրովի ընկալելու և մտորելու հնարավորություն կտա, այդ իսկ պատճառով բացահայտումներ անել չի ցանկանում: «Կարծում եմ` թարմ, հետաքրքիր համագործակցություն է ստացվել», -  ասաց Ալբերտը` նշելով, որ պրեմիերան կլինի մայիսի կեսերին:

Թե ստեղծագործական հետագա ուղին  ինչպիսին կլինի, Ալբերտը չցանկացավ ասել` նշելով, որ չի սիրում նախապես խոսել, այդուհանդերձ,  կարծում է` խոչընդոտներ չեն լինի:

 

 

 

 

 

 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը