Հոկտեմբերի 5-ին Սուրբ Հովհաննես եկեղեցում երգչուհի Արմինկան մկրտել է 4-ամյա որդուն' Ալեքսին: Երեխայի կնքահայրը երգիչ Արման Աղաջանյանն է:
Արմինկայի փոխանցմամբ' փոքրիկի մկրտությունը հիմա կայացավ այն պատճառով, որ այս շրջանում Արմանը Հայաստանում է: «Ավելի վաղ ես կարող էի ԱՄՆ-ում կազմակերպել կնունքի արարողությունը, սակայն ուզում էի, որ որդիս մեր հայրենիքում մկրտվի: Նրան Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Դանիելն է մկրտել,- ասաց Արմինկան ու հավելեց, որ Ալեքսն այնպես էր ընկալում մկրտությունը, կարծես մեծ մարդ լիներ: - Ուզում էի, որ Ալեքսն ավելի շուտ մկրտվեր, սակայն երբ եկեղեցում տեսա, թե ինչ լրջությամբ է ընկալում արարողակարգը, հասկացա, որ նա կնքվեց ճիշտ ժամանակին»: Արմինկայի համոզմամբ' դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ինքը հաճախ է խոսում որդու հետ: Երգչուհին, ով այժմ ժամանակի զգալի մասը տրամադրում է Ալեքսին, նրան նախապատրաստել էր մկրտությանը. «Շատ փոքր ժամանակվանից Ալեքսն արդեն գիտեր' ով է Աստված»:
Երգչուհուց տեղեկացանք, որ քավորի ընտրությունն իր նախապատմությունն ունի. «Հղիությանս վերջին ամիսներին ես ԱՄՆ-ում էի, և Արմանը եղբոր պես հոգ էր տանում իմ մասին: Այդ շրջանում հղի էր նաև իր կինը, և նա երկուսիս հանդեպ հավասարապես ուշադիր էր: Ես կեսարյան հատումով եմ ունեցել Ալեքսին: Վիրահատության ամբողջ ընթացքում Արմանը կողքիս էր, շոյում էր ճակատս, ուժ էր տալիս ինձ, քաջալերում էր, իսկ, ամենակարևորը, Ալեքսի պորտը հենց ինքն է կտրել»:
Փոքրիկի մկրտությանը ներկա են եղել շատ քիչ մարդիկ: Արմինկայի փոխանցմամբ' իրենց ընտանեկան միջոցառումները երբևէ այդքան նեղ շրջանակում չէին անցել. «Մկրտությունն ինձ համար ընտանեկան շատ կարևոր իրադարձություն է: Ես չեմ սիրում մեծ միջոցառումներ կազմակերպել: Նախընտրում եմ ինձ շրջապատել ամենահարազատ մարդկանցով: Ալեքսի կնունքը բացառություն չէր: Կարող եմ ասել' շատ ավելի նեղ շրջանակում անցավ, քան մեր միջոցառումներից որևէ մեկը»:
Միջոցառմանը եղել են մուլտհերոսներ, խաղավարներ, ովքեր զբաղեցրել են ներկա փոքրիկներին, ինչպես նաև դիջեյ, ում հնչեցրած երաժշտության ներքո ներկաները մինչ ուշ գիշեր ուրախացել են. «Շատ լավ ժամանակ ենք անցկացրել և´ մեծերս, և´ փոքրիկները»:
Արմինկան որդուն կնքեց այն օրերին, երբ էլեկտրոնային լրատվամիջոցներում բուռն քննարկվում էր ՄԵԼ-ի տարածած ցուցակը, ըստ որի, ինքը ևս աղանդավոր է: «Կարծում եմ' դա ակտուալ չէ, չեմ հասկանում' ինչու՞ են մարդիկ մինչև հիմա դա քննարկում»,- ասաց նա և հերքեց, թե ինքն աղանդավոր է:
Երգչուհին որդու կյանքի կարևոր իրադարձություններից մեկի բացառիկ անդրադարձը վստահել է ESem.am-ին: Առաջիկայում կներկայացնենք նաև օրվա լուսանկարները:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը