Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, ով նաև որպես հաղորդավարուհի է ներկայանում, նոր եթերաշրջանում շարունակում է վարել «Առավոտը Շանթում» հաղորդումը և նկարահանվել «Քաղաքում» սերիալում' մարմնավորելով Սուսիկին:

Առաջիկայում Անահիտը կնկարահանվի նաև նոր հեռուստասերիալում, որում, իր փոխանցմամբ, կներկայանա բոլորովին այլ կերպարով: Բացի այդ, դերասանուհին նկարահանվում է գեղարվեստական նոր ֆիլմում. «Ֆիլմը կատակերգական չէ և այստեղ ևս նոր կերպարով եմ հանդես գալու: Որպես դերասանուհի' դա ինձ համար շատ ուրախալի է»


Նոր եթերաշրջանում Անահիտը հանդես կգա նաև «Դուետ» նախագծի շրջանակներում, ինչը նրան շատ է ոգևորել: «Երբ ստացա առաջարկը, շատ ուրախացա, քանի որ իմ երազանքներից մեկը բեմում երգելն է եղել: Սակայն դա պրոֆեսիոնալ չէ և ինձ համար այս նախագծին մասնակցելն ուրախալի է այնքանով, որ ես խիստ չեմ գնահատվելու, քանի որ ոչ թե երգչուհի եմ, այլ դերասանուհի, ով երգում է»,- ասաց Անահիտն ու նշեց, որ ուսանողական տարիներին Թատերականում երկու տարի վոկալի դասեր է անցել: Պարզվում է' Անահիտն ինքնուս նվագում է դաշնամուր և կիթառ, սակայն երաժշտական կրթություն չունի, նոտաներն էլ չգիտի:

Դերասանուհու փոխանցմամբ' իրեն նախապես տրամադրել է, որ մրցույթն անկանխատեսելի է և ամեն ինչ էլ կարող է պատահել. «Հնարավոր է'լավ ելույթ ունենաս, սակայն հեռուստադիտողը կերպարդ չհավանի կամ էլ կերպարդ սիրի ու անկախ վատ ելույթիցդ' քվեարկի: Առաջին երեք համերգները ոչ մրցութային են լինելու: Դա ինձ բավական է երազանքս իրականացնելու համար, իսկ հետո արդեն թող հեռուստադիտողը որոշի»:

Խոսելով զույգի' “X factor 2” նախագծի հաղթող Կիմ Գրիգորյանի մասին' Անահիտը նշեց, որ շատ ուրախ է, որ իր դուետը հենց Կիմի հետ է, քանի որ իրենք և՛ արտաքնապես, և՛ աշխատասիրությամբ համապատասխանում են իրար:

 

Հաջողություն եմ մաղթում. Ամալյա Հովհաննիսյան