Խորհուրդներ միջանձնային հարաբերությունների գուրու Քայ Հենդերսոնից

Հ.: Ես շատ մտերիմ եմ մեզ հետ նույն աստիճանավանդակում ապրող հարևանուհուս հետ: Երբեմն հրավիրում եմ նրան մեզ մոտ' ինձ ու ամուսնուս հետ ժամանակ անցկացնելու: Սակայն այժմ ինձ թվում է, որ դա այնքան էլ լավ միտք չէր. ամուսինս մշտապես հարցնում է, թե երբ է նա հաջորդ անգամ այցելելու մեզ: Մի՞թե նա տարվել է մեր հարևանուհով:

Պ.: Իրականում տղամարդու համար շատ դժվար է կողմնորոշվել, թե ինչպես է պետք շփվել կնոջ ընկերուհիների հետ: Նա պետք է լինի սիրալիր, սակայն' ոչ չափից ավելի, պետք է նրանց ուշադրության կենտրոնում պահի, սակայն' չափի մեջ: Քանի որ շատ դժվար է գտնել ոսկե միջինը, տղամարդիկ միշտ խնդիրներ են ունենում նման դեպքերում:

Մի խոսքով, եթե ներքին ձայնդ հուշում է, որ ինչ-որ բան այն չէ, մի՛ անտեսիր դա: Հաջորդ անգամ, երբ նորից հավաքվեք, ուշադիր եղիր՝ արդյոք կան վտանգավոր նշաններ, որոնք կարող են վկայել ընկերուհուդ և ամուսնուդ փոխադարձ համակրանքի մասին: Համատեղ կատակներ, քո հանդեպ ֆիզիկական ուշադրության թուլացում, նրա կողմից ընկերուհուդ անձնական կյանքի վերաբերյալ հետաքրքրվածություն. եթե նկատես այդ ամենը, իրավիճակը պարզաբանելու ժամանակն է:

Ի դեպ, ընկերուհուցդ բացի, այլ մարդկանց նույնպես հյուր կանչիր: Գուցե ամուսինդ ոչ թե ուշադիր է նրա հանդեպ, այլ ընդամենը սոցիալական շփման կարիք ունի:

Հ.: Վերջին մի քանի ժամադրությունների ընթացքում շարունակ լսում եմ տղաներից, որ վախեցնում եմ հակառակ սեռին: Ի՞նչ է դա նշանակում:

Պ.: Կլինեմ փոքր-ինչ կոպիտ, սակայն միանգամայն անկեղծ. դա նշանակում է, որ դու չափն անցնում ես: Կան մի շարք բաներ, որոնք թույլ տալով' աղջիկը սխալ կարծիք է թողնում իր մասին: Օրինակ, եթե տղայի վրա տպավորություն գործելու ցանկությունը շատ մեծ է, նա կարող է անընդհատ խոսել իր նվաճումներից ու ձեռքբերումներից' թերարժեքության բարդույթ զարգացնելով տղայի մոտ: Ավելի էկզոտիկ հանգիստ, ավելի հետաքրքիր աշխատանք, ավելի հեղինակավոր ուսումնական հաստատության վկայական. այս ամենը ճնշում է տղային: Հակառակ տարբերակը չափից դուրս փակ լինելն է: Աղջիկը կարող է իրեն այդպես պահել հուզմունքից, նա չի գտնում անհրաժեշտ խոսքեր, իսկ տղան այդ ինքնամփոփությունը դիտարկում է որպես եսակենտրոնության նշան:

Դրական տպավորություն թողնելու համար խնդրիր նրան պատմել իր մասին, և պարտադիր չէ մշտապես միջամտել' սեփական կյանքից դրվագներ մեջբերելով: Տղաները սիրում են իրենց մասին խոսել: Բացի այդ, հարմար առիթի դեպքում ասա նրան, որ հիանալի ժամանակ ես անցկացնում:

Հ.: Իմ ընկերն առհասարակ օժտված չէ ներողություն խնդրելու հատկությամբ, նույնիսկ չնչին հարցերում, ինչպես օրինակ' ուշանալը: Ես զայրանում եմ, երբ նա ներողություն չի խնդրում, հետո կրքերը թեժանում են և փոքրիկ միջադեպը վերածվում է մեծ վեճի: Ի՞նչ կարելի է անել:

Պ.: Ցավոք սրտի, ոչ բոլոր տղաները գիտեն «Ներիր» արտահայտությունը տեղին կիրառելու ձևերը: Ինչ վերաբերում է աղջկա հետ վիճելուն, տղաները երկու ծայրահեղության մեջ են ընկնում. կա՛մ անմիջապես ներողություն են խնդրում, քանի որ պարզապես ցանկանում են դադարեցնել վիճաբանությունը, կա՛մ առհասարակ ներողություն չեն խնդրում, քանի որ դիտարկում են դա որպես պարտություն և թուլություն:
Ընդհանուր առմամբ, հաշվի առ, որ տղաները երբեմն իրենց ներողությունն արտահայտում են արարքների միջոցով: Ուստի, եթե նա առանձնակի ուշադրություն է ցույց տալիս քո հանդեպ, դա թարգմանաբար նշանակում է «Ներիր իմ արարքի համար»: Ամեն դեպքում, դու կարող ես խոսել նրա հետ և բացատրել, թե ինչու է այդ բառն այդքան կարևոր քեզ համար:

Հ.: Ես ընդունեցի մի երիտասարդի «կույր ժամադրության» առաջարկը: Սակայն, տղայի հետ ծանոթանալով ու փոքր-ինչ շփվելով, հասկացա, որ մեր մեջ ոչինչ հնարավոր չէ: Այժմ նա ինձ կրկին ժամադրության է կանչում: Ինչպե՞ս կարելի է նրան քաղաքավարի և մեղմ մերժել:

Պ.: Եթե դուք ընդհանուր ծանոթներ ունեք, լավագույն տարբերակն անկեղծ լինելն է: Նրան նամակ ուղարկիր' նշելով, որ ձեր համատեղ ապագան չես պատկերացնում, մինչդեռ քեզ պետք են լուրջ ու երկարատև հարաբերություններ: Այնուհետև շնորհակալություն հայտնիր նրան հաճելի ժամանակի համար: Եթե ընդհանուր ընկերներ չունեք, կարող ես խնայել նրա զգացմունքները և ասել, որ անսպասելիորեն հորիզոնում կրկին հայտնվել է քո նախկին ընկերը: Այդկերպ տղան իրեն մերժված չի զգա, քանի որ կհասկանա, որ ըստ էության քո սիրտը զբաղված էր ի սկզբանե: