Խորհուրդներ միջանձնային հարաբերությունների գուրու Քայ Հենդերսոնից

Հ.: Կարո՞ղ եմ առաջին ժամադրությունից հետո գրել տղային, որ հիանալի ժամանակ անցկացրի նրա հետ, թե՞ դա կդիտվի որպես դեպքերի ընթացքն արագացնելու փորձ:

Պ.: Խնդիրը ոչ այնքան դեպքերի ընթացքն արագացնելն է, որքան նրա գործը կատարելը: Երբ խոսքը վերաբերում է հանդիպումներին, առավել ևս՝ հարաբերությունների սկզբնական շրջանում, տղաները սիրում են առաջատարի դեր ստանձնել. այսինքն' առաջին ժամադրությունից հետո պետք է զանգահարի հենց տղան: Տարօրինակ չգրված օրենք է, այնպես չէ՞: Բացի այդ, եթե ժամադրությունն իրոք այդքան լավն էր, ինչպես դու նշեցիր, տղան առանց դժվարության կկապվի քեզ հետ: Պարզապես նրան մի քանի օր ժամանակ տուր. տղաներն աղջիկների համեմատ ավելի դանդաղկոտ են այդ հարցերում: Իսկ եթե նա մեկ շաբաթից ավելի է լռություն պահպանում, գուցե այնքան էլ տարված չէ քեզնով: Այդ դեպքում քո զանգի կարիքն առավել ևս չկա:

Հ.: Ընկերս զվարճալի մեկնաբանություններ է գրում իր «ֆեյսբուքյան ընկերուհիների» պատերին: Երբեմն ինձ թվում է, թե դա ֆլիրտի պես բան է: Կարո՞ղ եմ ինչ-որ կերպ ցույց տալ դժգոհությունս:

Պ.: Ես իսկապես համոզված եմ, որ մտահոգվելու կարիք չկա: Եթե նա ցանկանար քո թիկունքում որևէ քայլ ձեռնարկել, ոչ թե հրապարակային մեկնաբանություններ կաներ, այլ անձնական նամակներ կգրեր: Մնում է հասկանալ' ինչու է նա նման մեկնաբանություններ գրում: Տղաները շատ լավ հասկանում են աղջկա հետ ֆլիրտ անելու կանոններն իրական կյանքում, սակայն Facebook-ը նրանց համար բոլորովին այլ իրականություն է: Նրանց թվում է՝ եթե անձնական շփում չկա, ֆլիրտային արտահայտությունն ընդամենն անմեղ կատակ է: Եթե դու իրոք ծանր ես տանում նման վարքագիծը, պետք է տարբերակ ընտրես այդ մասին նրան ասելու' միևնույն ժամանակ աշխատելով խանդոտ չթվալ: Հաջորդ անգամ, երբ նա այդպիսի մեկնաբանություն թողնի, ասա. «Սիրելի՛ս, ես գիտեմ, որ դու հետին միտք չունեիր՝ դա գրելով, սակայն կողքից կարող է թվալ, թե դու ֆլիրտ ես սկսում տվյալ մարդու հետ»: Այդպես ցույց կտաս, որ մտահոգվում ես իր հեղինակության մասին, այլ ոչ թե' չես վստահում իրեն:

Հ.: Մեկ ամիս առաջ ընկերս ինձ ամուսնության առաջարկ արեց: Սակայն այժմ ամեն կերպ խուսափում է հարսանեկան արարողության նախապատրաստական աշխատանքներին մասնակցելուց: Մի՞թե նա փոխել է մտադրությունը:

Պ.: Ամենևին ոչ: Համոզված եմ, որ նա երազում է հենց վաղը քեզ հետ համատեղ ամուսնական կյանք սկսելու մասին և մեծ հաճույքով կշրջանցեր նախապատրաստական աշխատանքները' միանգամից սկսելով մեղրամիսը: Նույնիսկ վստահ եմ, որ անհամբերությամբ սպասում է հարսանիքի օրվան: Միակ խնդիրն այն է, որ ծաղիկների տեսակները, գունային երանգներն ու մնացած մանրուքներն ընտրելը տղաների մեծ մասին այնքան էլ հետաքրքիր չէ: Եթե ուզում ես, այնուամենայնիվ, ներգրավել նրան նախապատրաստական պրոցեսի մեջ, մի փոքր խորամանկություն դրսևորիր: Նախ՝ նշիր, թե որքան երջանիկ ես ողջ կյանքդ նրա հետ կապելու մտքից: Դա մեծապես կշոյի նրա ինքնասիրությունը: Այնուհետև՝ փորձիր հետաքրքրել նրան: Օրինակ, եթե պատրաստվում եք ընտրել տորթը, կարող ես ասել. «Սիրելի՛ս, արի միասին տորթեր համտեսենք», ոչ թե՝ «Ինչպիսի՞ միջուկ ես նախընտրում'շոկոլադե՞, թե՞ մրգային»: Երբ նա տեսնի, որ նախապատրաստական աշխատանքները կարող են նաև հետաքրքիր լինել, քեզ օգնելու ավելի մեծ պատրաստակամություն կցուցաբերի: