Խորհուրդներ հարաբերությունների հոգեբանության մասնագետ Քայ Հենդերսոնից

Հ.: Սկսել եմ հանդիպել մի երիտասարդի հետ, որը տարված է սեքսուալ խաղալիքներով և մեծ հավաքածու ունի: Արդյո՞ք դա նորմալ է:

Պ.: Մի զույգ ձեռնաշղթան, ի՛նչ խոսք, խնդիր չէ: Սակայն խաղալիքներով լի դարակը կարող է մտահոգության առիթ տալ. առավել ևս, որ նա հավանաբար գործածել է դրանք նախկինում:

Այդ ամենը, մեղմ ասած, տարօրինակ է: Ինչևէ, չարժե դադարեցնել հարաբերություններն այդ թուլության պատճառով, եթե, իհարկե, դու անհարմարություն չես զգում: Պարզապես հաշվի առ երկու հանգամանք. նախ՝ նա, թերևս, կցանկանա գործի դնել այդ խաղալիքներն անկողնում նաև քեզ հետ, և երկրորդ՝ ապահովության համար սեռական խաղերից առաջ մանրէազերծիր բոլոր վիբրատորները:

Հ.: Ընկերս ու իր նախկին ընկերուհին բավականին հաճախ են շփվում: Ես վստահում եմ նրան, սակայն չեմ հասկանում' ինչու է նա զգում նախկին ընկերուհու կարիքը, երբ կողքին կամ ես:

Պ.: Այն նույն պատճառով, ինչը ստիպում է սիրելիիդ շփվել իր ընկերների, գործընկերների, ընտանիքի անդամների, անգամ' սիրած սրճարանի բարմենի հետ: Նա ճանաչում է այդ մարդկանց և իրեն լավ զգում նրանց ընկերակցությամբ. բոլորն իր կյանքի մի մասն են կազմում: Ի՛նչ խոսք, ի տարբերություն նախկին ընկերուհու, այդ մարդկանց հետ նա սեռական հարաբերություններ չի ունեցել: Քեզ չթերագնահատելով' նշեմ, որ այլ մարդկանց հետ շփում ունենալու կարիքն ու անհրաժեշտությունը վկայում են միայն քո ընկերոջ ճիշտ սոցիալական դիրքորոշման ու մեծ շրջապատ ունենալու մասին:

Եթե, «հաճախ» ասելով, դու նկատի ունես շաբաթական մեկ անգամ շփումը, ապա անհանգստանալու կարիք չկա: Ընկերդ չի թաքցնում այդ հանգամանքը, ինչը նշանակում է, որ նրա համար ձեր հարաբերությունները հիմնված են հարգանքի ու փոխվստահության վրա: Նման պարագայում նախկին ընկերուհու հետ ընկեր մնալը չի կարող խնդիր առաջացնել:

Հ.: Ինչպե՞ս են տղաները վերաբերվում այն աղջիկներին, ովքեր վերցնում են նախաձեռնությունն իրենց ձեռքն ու առաջին հանդիպումից հետո հրավիրում են իրենց երկրորդ ժամադրության: Ես շատ անհամբեր եմ...

Պ.: Ես, իհարկե, շատ կցանկանայի ասել, որ ժամանակակից աշխարհում դերերի դասական բաժանումը անցյալի մնացուկ է, սակայն դա շատ հեռու կլիներ ճշմարտությունից: Իրականում, եթե ինքդ երկրորդ ժամադրության հրավիրես տղային, անհարմար վիճակի մեջ կդնես նրան ու կդիպչես նրա տղամարդկությանը: Սա իսկապես սխալ քայլ կլինի:

Որպես մխիթարություն կարող եմ ասել, որ եթե երիտասարդն իրոք հետաքրքրված է, ապա առաջին հանդիպումից հետո նա անպատճառ կնախաձեռնի երկրորդը: Պարզապես, դա կարող է պատահել մի քանի օր կամ նույնիսկ մեկ շաբաթ անց. գուցե նա չի ցանկանում չափից դուրս հետաքրքրված թվալ կամ քեզ հետ հանդիպումը նրա կարևորագույն գործերի ցուցակում չէ: Թող այդ հանգամանքը քեզ չհուսահատեցնի. միայն հեքիաթներում է տղան անմիջապես գլուխը կորցնում: Իրական կյանքում թերևս արտասովոր կդիտվեր, եթե նա առաջին իսկ հանդիպումից խելակորույս սիրահարվեր:

Բայց և այնպես, եթե տղան չի զանգում մի քանի շաբաթ շարունակ, այս դեպքում նա ոչ թե իրեն «թանկացնում» է, այլ պարզապես չի ցանկանում շարունակել ձեր շփումը: Նման պայմաններում քո զանգն ու հանդիպելու առաջարկը ոչինչ չեն փոխի: Շարունակիր ապրել քո կյանքով և կենտրոնացիր նոր հեռանկարների վրա:

Հ.: Ամուսինս գործի հետ մեկտեղ սկսել է թեկնածուական թեզի վրա աշխատել և այժմ սթրեսային վիճակում է: Ինչպե՞ս կարող եմ օգնել նրան լիցքաթափվել ծանր օրվանից հետո:

Պ.: Երևի կարծում ես, որ խորհուրդ կտամ ամեն երեկո դիմավորել նրան մերկ: Ամենևին: Եթե ցանկանում ես օգնել ամուսնուդ թոթափել օրվա սթրեսը... մենակ թող նրան որոշ ժամանակով: Փորձիր ճիշտ հասկանալ. եթե կանանց սթրեսից ազատվելու համար հարկավոր է այդ մասին խոսել, տղամարդիկ նման պահերին նախընտրում են մենակ մնալ ու հնարավորինս պասիվ լինել: Ուստի երեկոյան նրան մեկ-երկու ժամով հանգիստ թող, որպեսզի զբաղվի իրեն հաճելի գործով, օրինակ' համակարգչային խաղ խաղա կամ մարզական հաղորդում դիտի: Հանգստանալուց հետո նա անհամեմատ ակտիվ կլինի: Այդ ժամանակ արդեն քո քնքշանքն ու առանձնակի ուշադրությունն արդարացված կլինեն: