Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը հարսանիքից ու մեղրամսից հետո պատրաստվում է նոր աշխատանք ներկայացնել և օրեր առաջ նկարահանել է «Հարսի պար» կոչվող ստեղծագործության տեսահոլովակը: Երգչուհին մանրամասների մասին խոսել է esem.am-ի հետ:
Մեկ օր տևած նկարահանումները տեղի են ունեցել Աշտարակի ճանապարհին գտնվող մի տանը: «Տեսահոլովակում սյուժե չկա. պարզապես գեղեցիկ կադրեր են»,- ասաց Հռիփսիմեն և ավելացրեց, որ բացի նկարահանված կադրերից տեսահոլովակում լինելու է հենց իր հարսի պարը: Հռիփսիմեն տեսահոլովակում ևս հագել է հարսանեկան իր զգեստը: Որպես ոճաբան՝ նրա հետ աշխատել է Արայիկ Գաբաջյանը:
Նշենք, որ «Հարսի պարը» ստեղծագործության խոսքերի և երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, իսկ գործիքավորումը Կարեն Սևակն է արել: Ըստ Հռիփսիմեի՝ Վահրամը ստեղծագործության մեջ ներառել է նաև հայկական ավանդական «Հարսի պարի» երաժշտությունը:
Տեսահոլովակը, որի ռեժիսորն ու օպերատորը Արտյոմ Աբովյանն է, հանդիսատեսի դատին կհանձնվի այս ամիս: