Լուսինե Նահապետյանին հասարակությունը ճանաչում է ոչ միայն որպես երգչուհի Արմինկայի քույր, այլև վարսահարդար, ոճաբան, «Արմինկա» գեղեցկության սրահի տնօրեն և գլխավոր վարսահարդար: Արդեն տասներեք տարի է, ինչ Լուսինեն զբաղվում է այս աշխատանքով. «Այցելուն շատ հետաքրքիր յուրահատկություն ունի. եթե անգամ նա կարծրացած ճաշակ ունի, դա կարելի է շատ մեղմ և գեղեցիկ կերպով փոխել: Երբ մարդուն առաջարկում ես մի բան, պետք է այնպես առաջարկես, որ նա վստահ գնա դրան: Իմ ամենամեծ ձեռքբերումներից մեկն այն է, որ իմ այցելուներն ինձ չեն ասումª սա եմ ուզում, ես առաջարկում եմ, իրենք ընդունում են»:
Ոճաբանին դուր չի գալիս այն, որ երիտասարդները հաճախ ընտրում են մազերի նույն գույնը, վարսահարդարման նույն ձևը, նույն դիմահարդարումը: «Անհատականություններ շատ քիչ են մնացել: Ես կողմնակից եմ ինքնատիպ լինելուն: Պետք չէ անել ու նմանվել,- ասաց նա և նշեց, որ իր հաճախորդներն աչքի են ընկնում էքսցենտրիկ գույներով, տարբերվող սանրվածքներով: -Սանրվածքը պետք է համապատասխանի, սազի մարդուն, նրա հագուկապին: Դա շատ կարևոր է, քանի որ ինքնավստահության որոշակի տոկոս դրանից է կախված: Մարդու արտաքինն ու հոգին փոխլրացնում են միմյանց և սանրվածքը պետք է արտացոլի իր տեսակը»:
Վարսահարդարի համար առավել ընդունելի են բնական գեղեցկությունն ու բնական մազերը: Ըստ նրա' վերջին շրջանում նորաձև դարձած մազերի արհեստական երկարացումն էլ գեղեցիկ չէ.«Երբեմն նայում ես մեր աղջիկներին, ու տպավորություն է, թե բոլորը շատ մեծ գլուխ ունեն: Իրականում այդպես չէ, դա մազերի հաշվին է արվում: Չգիտեմ' այդ միտումը որտեղից եկավ»:
Ոճաբանից հետաքրքրվեցինք' այս շրջանում ո՞ր սանրվածքն է առավել նորաձև. պարզվում է' կառեն շարունակում է այժմեական լինել. «Այն ամենահարմարավետ սանրվածքներից է, քանի որ խնամքը հեշտ է: Բացի դրանից, բազմաթիվ տեսակներ ունի և կարելի է համապատասխանեցնել դիմագծերին, դեմքի կառուցվածքին»:
Լուսինեի հետ քննեցինք հայ հայտնիների սանրվածքները, որը ներկայացնում ենք Ձեր դատին: Զրույցի վերջում վարսահարդար-ոճաբանը հույս հայտնեց, որ իրենից նեղացողներ չեն լինի, քանի որ ինքը քննել է հստակ կերպարները:

Ալեքսանդր Բաբասյան
Ալեքսանդրի դիմագծերին շատ են սազում հետ սանրած մազերը: Իր աչքերն ու հոնքերը շատ արտահայտիչ են և մազափունջը փակում է դեմքը: Տպավորություն է, որ խնջույքից հետո են լուսանկարվել, քանի որ սանրվածք, որպես այդպիսին, չի մնացել, կարծում եմ' այս օրվա համար կարելի էր այնպիսի սանրվածք ընտրել, որ պահպանվեր մինչև օրվա վերջ:
Անի Երանյան
Անիին գրեթե միշտ ուղիղ մազերով եմ տեսնում: Այսպիսի սանրվածքն Անիին շատ է մեծացնում: Այս հագուստի հետ գերադասելի են հավաքած մազերը, երևի դրա համար էլ այս սանրվածքն է ընտրվել, բայց, միևնույնն է, այս զգեստի հետ կարելի էր ավելի նուրբ սանրվածք անել, քանի որ Անիի դիմագծերը շատ արտահայտիչ են:
Աննա Թովմասյան
Աննային շատ են սազում հավաքած մազեր, այսպես էլ է շատ սազում' կիսաթափթփված: Մի արտահայտություն կա' լոգարանում ձեռքի մի շարժումով միանգամից հավաքել մազերը («Ե՞ս Yes!»-ի ֆոտոսեսիայի ժամանակ Աննան ձեռքի մի շարժումով էլ հավաքել էր մազերը, ինչի մասին Լուսինեն չգիտեր, սակայն կռահեց- հեղ.): Կարծում եմ, որ շատ գեղեցիկ է ու համահունչ Աննային, իր դիմագծերին շատ-շատ է սազում:
Աննային ավելի բարձր կապած է սազում, չնայած այստեղ էլ վատ չէ: Զգացվում է, որ պարզ, ձեռքի հեշտ աշխատանք է արված, ինչը շատ ողջունելի է: Այսինքն' հատուկ ոչինչ արված չէ, շեշտը դրված է ոճի, ոչ թե սանրվածքի վրա:

Արամե
Արամեին բազմատեսակ սանրվածքներով եմ տեսել, մազափունջը հետևից երկար, ճակատի վրա և այլն: Վատ չէ, ինձ դուր է գալիս Արամեի ճակատը բաց: Իրեն կարճ մազերով է սազում: Կարող է նույնիսկ ավելի կարճ լինել' ոչ շատ կոնկրետ սանրվածքով: Այս տարբերակն էլ շատ գեղեցիկ է:
Նարեկ Մակարյան
Սա Նարեկի ոճը չէ: Նարեկին շատ են սազում հավաքած մազեր: Առօրյայում կարող է նաև այսպես լինել, սակայն եթե քննենք բեմական կերպարը, սա իր ոճին համապատասխան չէ, քանի որ նա դասական կերպար ունի: Նարեկին երկար մազեր սազում են, սակայն շատ կսազեն նաև կարճ մազեր' նորաձև, ոճային սանրվածքով:
Էրիկ
Էրիկին ճանաչում եմ դպրոցական տարիքից, երբ Վրաստանից Հայաստան էր գալիս: Մեր սալոն էր այցելում, միշտ զիգզագներ, ինչ-որ նշաններ էր անում մազերին: Էրիկը գիտի' իրեն ինչ է սազում, նա երբեք չի ունենում թերի սանրվածք. միշտ ոճային է, սակայն' ոչ շաբլոն: Նա երբեք չի վախեցել էքսցենտրիկ բան անելուց:
Սիրուշո
Սիրուշոն ինչ էլ անի, իրեն սազում է: Նա շատ լավ գիտի' իրեն ինչ է պետք և նրան պետք չէ թելադրել: Սիրուշոն ինքն է ձևավորում իր ոճը, որն ինձ միշտ դուր է գալիս: Նա միշտ ինքնատիպ է:

Շուշաննա Թովմասյան
Վերջապես, հետաքրքիր մի բան: Շուշաննային մի քանի անգամ տեսել եմ սերիալի շրջանակներում. միշտ քիչ, ուղիղ մազերով, ինչը երևի դերով էր պայմանավորված: Այսպես շատ է սազում, նրան պետք էր մի քիչ փարթամություն: Նա կարճահասակ է և ուղիղ, երկար մազերն ավելի են կարճացնում հասակը: Շատ ճիշտ որոշում է պարանոցը բացելը, որպեսզի հասակը բարձրացնի: Հետաքրքիր են մտածել, գեղեցիկ է: Խոպոպիկները կարող էին մի քիչ ավելի հավաք լինել, որովհետև կոնկրետ այս ոճին և հագուստին դրանք այնքան էլ համապատասխան չեն, սակայն ինձ դուր է գալիս. իրեն սազում են առատ, փարթամ, հավաքված մազեր:
Ջուս
Ջուս… Բնականաբար, սա համապատասխան է իրեն, սա ոճ է: Եթե վերցնենք այն կերպարը, որն ինքը մարմնավորել է, շատ համահունչ է, շատ լավ աշխատանք է արված: Դեմագծերին չի սազում, բայց իր ոճին սազում է:
Անահիտ Սիմոնյան
Սանրվածքները բոլորն էլ լավ են արված. եթե համապատասխանում են տվյալ թեմատիկային, վատ չեն: Հագուստին համապատասխանում են ոչ կոնկրետ հարդարված մազերը' ավելի վայրի ոճում: Իրեն սազում է փարթամ սանրվածք, ուղղակի ես չեմ կարողանում հասկանալ այդ շատ երկար ծամերի գաղափարը, որի միտումը հիմա կա: Արդյունքում' բոլորը նմանվում են իրար: Եթե ավելի կարճ լիներ, լրիվ ուրիշ կլիներ: Երկարությունն այնքան էլ տեղին չէ. կարող էր ավելի կարճ և գզգզված լինել: Ինձ թվում է' Անահիտին մուգ մազեր ավելի են սազում, դրանք նրա դիմագծերն ավելի արտահայտիչ են դարձնում:
Ինձ դուր չի գալիս, դեմքը շատ է երկարացրել: Մյուս սանրվածքն իրեն ավելի էր սազում: Եթե դեմքի օվալը երկար է, մազերն էլ երկար են լինում (կամ դնում են), օվալն ավելի է երկարում, ու դա գեղեցիկ չէ:

Լուսինե Աղաբեկյան
Ինչ ասեմ, եթե ոճաբանը կարծել է, որ իրեն սազում են այդ ոճն ու մազերի գույնը: Բնականաբար, սա կեղծամ է: Այս գույնն իրեն չի սազում, քանի որ ինքը թուխ է: Իրեն շատ-շատ է մեծացրել: Լուսինեի մազերն իրեն շատ են սազում:
Սոնա Շահգելդյան
Այս աղջիկը չգիտի' իրեն ինչ է սազում: Սա ի՞նչ նկար է, ինքն այսպես աշխատանքի՞ է գնում, տեսահոլովա±կ է նկարահանում, ի՞նչ է ներկայացնում: Բնականաբար, սա կեղծամ է: Գուցե ինչ-որ մեկն իրեն ասել է, որ շատ սազում է, բայց ես կարծում եմ, որ չի սազում: Սա իր սանրվածքը չէ, իրեն ձիգ հավաքած մազեր են սազում. երբ գլխաշոր է կապում, ևս սազում է:
Արևիկ Ուդումյան
Արևիկին սազում է այսպես: Կարծում եմ' շատ լավ է, ճիշտ ընտրված տարբերակ է, որովհետև առավոտյան հաղորդման ժամանակ ուզում ես, որ հաղորդավարը լուսավոր ու մեղմ լինի: Բաց երանգով մազեր Արևիկին շատ են սազում, քանի որ մի քիչ սլավոնական արտաքին ունի: Շատ ճիշտ է ընտրված նաև այն, որ արմատներն ավելի մուգ են: Լրիվ բաց երանգի մազերի դեպքում դիմագծերը կկորչեին:
Քրիստինե Պեպելյան
Սանրվածքն ընտրված է հագուստին համապատասխան, իրեն սազում են հավաքված մազեր: Ուզում եմ հասկանալ' լա՞վ է, թե՞ վատ… Մազերի բարձրությունը շատ լավ է, առավել ևս, եթե սա համերգային կերպար է, ուղղակի ես հավաքած մազափունջը մի քիչ ներքևից կանեի, որովհետև այսպես կարծես կտրված լինի: Թեև եթե համերգի համար է և դիմացից է երևալու, նորմալ է: Այս սանրվածքն իրեն մեծացրել է: Քրիստինեի դիմագծերը մի քիչ մանկական են: Հասուն կնոջ կերպար է ստացվել. քանի որ սրանք ընտրված են կոնկրետ նպատակներով' համերգ, տեսահոլովակ, մի քիչ սխալ է քննադատելը: Գուցե ինքն իրեն ավելի վստահ է զգում այսպես. տարբեր պատճառներ կարող են լինել:

Լիլիթ Հովհաննիսյան
Լիլիթն ինչ էլ անի, իրեն սազում է: Նա այն եզակիներից է, ով միշտ տարբերվում է իր ոճով: Ինձ շատ է դուր գալիս: Նա երբեք չի նմանվում որևէ մեկին և չի կրկնում նույն ոճը, հակառակը, նրան են կրկնօրինակում: Շատ լավ աշխատանք է արվում իր հետ, զգացվում է, որ իր հետ ոճաբան է աշխատում, ոչ թե կոնկրետ վարսահարդար կամ դիմահարդար: Իր դեպքում ամեն ինչ փոխկապակցված է: Մազերի այս գույնն էլ իրեն շատ է սազում, սևը նրան մեծացնում է:
Գոռ Սուջյան
Գոռին սազում են երկար մազեր' թե՛ կապած, թե՛ թափված: Նշեմ, որ «Եվրատեսիլին» մեկնելուց մեկ օր առաջ նրա սանրվածքը մեր սրահում է արվել. որոշեցինք' ինչ տեսքով նա պետք է ելույթ ունենա «Եվրատեսիլին», և համապատասխան կտրվածքն այստեղ արեցինք:
Գրիգոր Կյոկչյան
Լավ է, երիտասարդ տղայի սանրվածք է: Գրիգորին չեմ պատկերացնում ավելի երկար մազերով կամ ճակատին' մազափնջով: Սա շատ գեղեցիկ է, քանի որ նաև թեթևակի մորուք ունի: Իր ոճն իրեն շատ համապատասխան է: Ողջունելի է, որ վերջին տարիներին տղաները սկսել են հետևել իրենց սանրվածքներին, կարողանում են հետաքրքիր տարբերակով հարդարել իրենց մազերը:
Մերի Մնջոյան
Բնական, գեղեցիկ մազեր… Սիրում եմ, որ մազերը հատուկ հարդարված չեն: Այս ոճի հետ կարող էր դիմահարդարումն էլ մեղմ լինել: Սանրվածքը շատ լավ է ֆոտոսեսիայի համար:

Նազենի Հովհաննիսյան
Նազենին միշտ հետաքրքիր սանրվածքներ ունի, թեև իր դեպքում ես գերադասում եմ իր ուղիղ, բնական մազերը: Գիտեմ, որ նա հմուտ ձեռքեր ունի և իր սանրվածքների մեծ մասն ինքն էլ անում է: Համոզված եմ, որ սա էլ է ինքն արել, շատ գեղեցիկ է և հարմար հագուստին, կերպարին:
Լուլու
Լուլուի դիմագծերին վատ չի նայվում այս սանրվածքը, քանի որ իր մազերը քիչ են և այս կտրվածքն ավելի ճիշտ է, քան նախկին երկար, ուղիղ մազերը: Գույնն էլ է սազում: Նրան հավաքած էլ է շատ սազում: Այս տարբերակը լավ է, սակայն դիմահարդարումը դուրս չի գալիս, իրեն մեծացնում է. կարծես ինքը չլինի:
Սոս Ջանիբեկյան
Սոսին հետ սանրած շատ է սազում, քանի որ երբ տղամարդը դեմքին մազ ունի, ճակատը պետք է բաց լինի: Ես իրեն այսպես ավելի եմ հավանում: Սոսը դեմքի հետաքրքիր օվալ ունի, բայց երբ մազափունջը գալիս է առաջ, դա կորչում է, ինքը դառնում է սովորական կերպար: Սա իրեն ավելի է սազում:
Արման Նշանյան
Արմանին երբևէ տեսե՞լ եք կարճ մազերով: Հետաքրքիր է' երբևէ ունեցե՞լ է կարճ մազեր: Իրեն սազում են երկար մազեր: Ինձ թվում է' Արմանը ճիշտ և հարմար տարբերակ է գտել իր վարսերի համար, քանի որ ըստ իր ոճի' իրեն շատ սազում են երկար մազերը: Թեպետ կարծում եմ, որ իրեն կարճ մազեր էլ շատ կսազեն, ուղղակի երևի Արմանը չի ուզում փորձել: Ամեն դեպքում իր ոճն իրեն սազում է:

 

 

Գրի առավ Ամալյա Հովհաննիսյանը