Սերիալային դերասանուհիներ Անի Երանյանի և Աննա Մովսեսյանի հարաբերությունները շարունակում են մնալ քննարկումների կիզակետում: Մեր ընթերցողները պարբերաբար խնդրում են մեզ պարզել՝ իրականում ի՞նչ հարաբերություններ ունեն նրանք, և ճի՞շտ են արդյոք լուրերը, որ Անին և Աննան անձնական խնդիրներ ունեն իրար հետ:
Այս մասին զրուցեցինք և՛ Անի Երանյանի, և՛Աննա Մովսեսյանի հետ: Աննան մեզ հետ զրույցում հետևյալն ասաց. «Անիի հետ վերջերս եմ ծանոթացել: Իր մասին շատ բան չեմ կարող ասել, քանի որ չեմ ճանաչում, բայց շատ լավն է: Մենք լավ հարաբերություններ ունենք»:

Դերասանուհու հետ խոսեցինք նաև այն մասին, որ շատ ընթերցողների կարծիքով իրենց «թշնամանքի» հիմքում այն է, որ ինքը եկավ՝ «Քույրը» հեռուստասերիալում փոխարինելու Անի Երանյանին, իսկ այժմ՝ սերիալի ավարտից հետո, սերիալային նոր առաջարկ չի ստացել, քանի որ Անին վերադարձել է: «Ես կամ Անին իրար տեղ չենք զբաղեցրել: Սերիալի ռեժիսորը' Ելենան Արշակյանը, այն սկզբունքով էր նոր թիմ հավաքում, որ ցանկանում էր նոր դեմքեր լինեն: Ըստ նրա՝ հանդիսատեսը հոգնել էր նույն դեմքերից: Դա իր ընտրությունն էր,- ասաց Աննան և հավելեց, որ իր և Անիի միջև մրցակցություն չկա: -Ես ոչ ոքի հետ մրցակցության մեջ չեմ մտնում: Երբեմն հետաքրքրությունից դրդված քոմենթներն եմ կարդում ու զարմանում: Մարդիկ այնպիսի դերասանուհիներ հետ են ինձ մրցակցության մեջ դնում, որ ո՛չ ես, ո՛չ նա իրար հետ մրցակցելու մասին չենք էլ մտածել: Որոշ դեպքերում՝ անձամբ ծանոթ էլ չենք»:

Աննայի 20-ամյակի միջոցառումից հետո խոսակցություններ տարածվեցին, թե նա սերիալի անձնակազմի հետ այնքան էլ լավ հարաբերություններ չունի, քանի որ ոչ ոք հրավիրված չէր նրա տարեդարձի երեկույթին. «Իրականում շատ լավ հարաբերություններ ունեմ անձնակազմի հետ: Ուղղակի շատ նեղ շրջանակներում եմ նշել ծնունդս ու հարմար չէր, որ հրավիրեի»:

Խոսեցինք նաև Անի Երանյանի հետ, ով ասաց որ շատ լավ հարաբերություններ ունի Աննայի հետ, թեև մտերիմ չէ նրա հետ. «Մենք ոչ մի խնդիր չունենք իրար հետ: Բնականաբար, ոչ մեկս մյուսիս տեղը չի զբացեցնելու: Մենք մտերիմ չենք, սակայն շատ լավ հարաբերություններ ունենք»:

 

Պարզաբանեց Ամալյա Հովհաննիսյանը