Apple-ի iPad, Google-ի Nexus 7... այս պլանշետները հնարավորություն են տալիս օգտատիրոջը «թափառել» համացանցում, ստուգել էլեկտրոնային փոստը, հավելվածներ ներբեռնել և այդ ամենը թաչսքրին էկրանին միայն մեկ հպման միջոցով։
Բրիտանական The Telegraph պարբերականը ներկայացրել է ներկայում շուկայի 10 լավագույն պլանշետային համակարգիչները։
1. Նոր Google Nexus 7, գինը՝ 300-370 դոլար
Google-ի Nexus 7 պլանշետի թարմացված տարբերակը թեև դեռևս վաճառքում չի հայտնվել, այնուհանդերձ, հիմնվելով դրա տեխնիկական բնութագրի վրա, The Telegraph-ը դրան տվել է առաջին պատվավոր հորիզոնականը։ Այն ստեղծվել է Asus ընկերության հետ համագործակցության արդյունքում և 50 գրամով ավելի է թեթև է հին մոդելից, ինչպես նաև 2մմ-ով ավելի բարակ։
Ի տարբերություն շուկայում եղած մյուս մրցակցային սարքերի, նոր Nexus 7-ն ունի ավելի հզոր, 1.5 գեգահերց հաճախականությամբ քառամիջուկ պրոցեսոր և համեմատաբար մատչելի գին։ 16 Գբ օպերատիվ հիշողություն ունեցող Nexus 7-ն արժե 300 դոլար, իսկ 32 Գբ տարբերակը՝ 370 դոլար։
Բացի այդ, այն համալրված է 1920 x 1200 լուծաչափով Full HD 1080 էկրանով, որի յուրաքանչյուր դյույմը տեղավորում է 323 պիքսել։ Էկրանի անկյունագիծը 7 դյույմ է, իսկ ինչ վերաբերում է տեսախցիկին, ապա դրանք երկուսն են ՝ 5 և 1.2 մեգապիքսելանոց։ Նորույթը գործում է Android Jelly Bean 4.3 օպերացիոն համակարգով։
2. Apple iPad Mini, գինը՝ 413 դոլար
Apple ընկերության iPad Mini-ին, ի տարբերություն iPad-ի, ավելի հարմար է ամենօրյա օգտագործման համար՝ էլ. փոստը ստուգելու, հավելվածներ ներբեռնելու համար։ Այնուհանդերձ, պարբերականը նկատում է, որ գնի համեմատ iPad Mini-ին չի առաջարկում համապատասխան որակ, սակայն զուտ խաղերի ու հավելվածների շնորհիվ այն անփոխարինելի է օգտատերերի համար։
Սարքն ունի 7.9 դյույմանոց անկյունագծով, 1024x768 լուծաչափով էկրան, 1 գեգահերց հաճախականությամբ երկմիջուկ պրոցեսոր, iOS 6.1 օպերացիոն համակարգ, 16/32 Գբ օպերատիվ հիշողություն։
3. Nexus 7, գինը՝ 245 դոլար
Nexus 7-ի առավելությունն Andriod բաց օպերացիոն համակարգն է, որը հնարավորություն է տալիս անարգել Google մտնել, ֆիլմեր դիտել, գրքեր կարդալ, երաժշտություն լսել, էլ. փոստը ստուգել, քարտեզային ծառայությունից օգտվել։ Մի խոսքով՝ այս սարքում պլանշետի նրբաճաշակ դիզայնը համադրված է զվարճանքի համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչների հետ։ Սակայն Nexus 7-ն ունի ևս մի զգալի առավելություն: Դրա գինը կազմում է 245 դոլար, բացի այդ, դրա էկրանն ավելի որակյալ է, քան iPad Mini-ինը։
Այն ունի 7 դյույմանոց, 1080x800 լուծաչափով էկրան, 8/16 Գբ օպերատիվ հիշողություն, OS Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգ, 1.2 գեգահերց հաճախականությամբ քառամիջուկ պրոցեսոր։
4. Xperia Tablet Z. գինը՝ 610 դոլար
Sony ընկերության Xperia Tablet Z պլանշետն աչքի է ընկնում իր բարակությամբ, ջրակայունությամբ ու փոշի չկլանող հատկությամբ։
Այն կշռում է 495 գրամ և ունի ընդամենը 6.9 մմ հաստություն, այնուհադերձ, մարտկոցը լիցքավորման դեպքում ծառայում է 7 ժամից ավելի։ Պլանշետն ունի 10.1 դյույմանոց անկյունագծով , 1200 x 1920 լուծաչափով էկրան, 16/32 Գբ օպերատիվ հիշողություն, OS Android 4.2 օպերացիոն համակարգ, 1.5 գեգահերց հաճախականությամբ քառամիջուկ պրոցեսոր։
5. Galaxy Note 2, գինը՝ 690 դոլար
Galaxy Note 2-ը միայն պլանշետ անվանել չի կարելի, քանի որ այն համալրված է և՛ սմարթֆոնի, և՛ պլանշետի հատկանիշերով։ Դրա հիմնական գրավչությունը S-Pen տեխնոլոգիան է։ Գերարագ պրոցեսորի շնորհիվ այն արդյունավետ է ինչպես աշխատանքի, այնպես էլ ժամանցի համար։
Այն ունի 5.5 դյույմանոց անկյունագծով, 1280x720 լուծաչափով էկրան, 16/32Գբ օպերատիվ հիշողություն, OS Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգ, 1.6 գեգահերց հաճախականությամբ քառամիջուկ պրոցեսոր։
6. Նոր iPad, գինը՝ 610 դոլար
iPad-ի ամենաթարմ տարբերակը գեղեցիկ դիզայնի ու աշխատանքի ապշեցուցիչ արագության համադրում է։ Թեև այն տեխնիկապես ամենահզորը չէ շուկայում, այնուհանդերձ, դրա դիզայնն ամենագրավիչն է գնորդների համար։
Պլանշետն ունի 9.7 դյույմ անկյունագծով, 2048x1536 լուծաչափով էկրան, 16/32 օպերատիվ հիշողություն, OS iOS6.1 օպերացիոն համակարգ, 1.4 գեգահերց հաճախականությամբ երկմիջուկ պրոցեսոր։
7. Microsoft Surface, գինը՝ 430 դոլար
Microsoft-ի Surface-ն առաջին պլանշետն է, որը ստեղծվել է հատուկ Windows 8 օպերացիոն համակարգի համար։
Այն ունի 10.6 դյույմանոց անկյունագծով, 1366x768 լուծաչափով էկրան, 32/64 Գբ օպերատիվ հիշողություն, 1.3 գեգահերց հաճախականությամբ քառամիջուկ պրոցեսոր։
8. Kindle Fire HD, գինը՝ 240 դոլար
Amazon ընկերության Kindle Fire HD-ը հիանալի տարբերակ է նրանց համար, ովքեր սիրում են պլանշետով գրքեր, ֆիլմեր, երաժշտություն ու հաղորդումներ ներբեռնել։
Ի դեպ, դրա էկրանի լուծաչափը շատ ավելի բարձր է, քան iPad Mini-ինը։ Բացի այդ, այն ունի բոլոր այն գործառույթները, որոնք այս չափի պլանշետներն առաջարկում են օգտատերերին։
Պլանշետն ունի 7 դյույմանոց անկյունագծով, 1280x800 լուծաչափով էկրան, 16/32 Գբ օպերատիվ հիշողություն, OS Android օպերացիոն համակարգ, 1.2 գեգահերց երկմիջուկ պրոցեսոր։
9. Galaxy Note 10.1. գինը՝ 610 դոլար
Samsung-ի Galaxy Note 10.1-ը հարավկորեական ընկերության ամենալուրջ փորձն է՝ ուղղված համակարգչային ոլորտի «դեմքը» փոխելուն։ Այն ունի 10.1 դյույմանոց անկյունագծով, 1280x800 լուծաչափով էկրան, 16/32 Գբ օպերատիվ հիշողություն, OS Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգ, 1.4 գեգահերց հաճախականությամբ քառամիջուկ պրոցեսոր։
10. Nexus 10, գինը՝ 490 դոլար
Ինչպես և Nexus 7-ը, Nexus 10-ն առաջարկում է որակյալ պլանշետ՝ մատչելի գնով։ Սակայն դրա համար հասանելի չեն Android-հավելվածների մեծ մասը, ինչը ձեռնտու չէ օգտատերերին։ Սա վկայում է այն մասին, որ Google-ը պլանշետների հարցում դեռևս անցնելու ճանապարհ ունի։ Nexus 10-ի ամենամեծ առավելությունը գինն է:
Այն ունի 10.1 դյույմանոց անկյունագծով, 2560x1600 լուծաչափով էկրան, 16/32 Գբ օպերատիվ հիշողություն, OS Android 4.2 օպերացիոն համակարգ, 1.7 գեգահերց հաճախականությամբ քառամիջուկ պրոցեսոր։