«100 դրամ վճարելն ամոթ չէ: Ամոթ է վճարել 150 դրամ, երբ կողքինդ չունի այդ 50 դրամը». այս կարգախոսով Ծիծեռնակաբերդի բարձունքում սոցիալական գովազդի նկարահանումներ էին այսօր տեղի ունենում' Արման Մարությանի ռեժիսորությամբ:
Արդեն մի քանի օր շարունակ ուղեվարձի թանկացման դեմ պայքարող հայտնիները' հումորիստ Հայկ Մարությանը, Ալեն Սիմոնյանը, «Անի Քոչար փրոդակշնի» տնօրեն Անի Քոչարը, «Վիտամին» ակումբի ամբողջ անձնակազմը, երգիչ Արթուր Իսպիրյանը, դերասանուհի Լալա Մնացականյանը, դերասաններ Անդոն և Ռաֆոն և այլք այսօր միավորվել էին հենց այդ գաղափարի շուրջ' սատարելու համար մեր համաքաղաքացիներին: Քաղաքային իշխանությունների և գծատերերի նախաձեռնության դեմ ակտիվորեն պայքարող հայտնիների ակցիան օրեցօր նոր թափ է ստանում, որին միանում են այլ հայտնի մարդիկ:
Նկարահանումների ընթացքը բնկանոն էր, որին հետևում էր նաև esyes.am-ը, մինչև այն պահը, երբ ռեժիսոր Արման Մարությանին մոտեցան տարածքը հսկող երկու համազգեստավոր, որից երկու րոպե անց հեռացան' իրենց ղեկավարությունից ճշտելու' իրավունք կա՞ այդտեղ նկարահանումներ իրականացնելու, թե՞ ոչ: Տղաները պահեցին իրենց խոստումը և շատ կարճ ժամանակ անց վերադարձան' Արմանին ու մյուս հայտնիներին արգելելու, որ ղեկավարությունից ստացած կարգադրության համաձայն այդ տարածքում առանց թույլտվության նկարահանումներն արգելվում են: Մինչ Արման Մարությանը կբացատրեր, որ երբեք իրենց չեն արգելել Ծիծեռնակաբերդի բարձունքում նկարահանումներ անել, խոսակցությանը միջամտեց «Վիտամինի» Արմուշը' ոստիկանին դիմելով. «Դուք տեղյա՞կ եք ընդհանրապես էս երկրից, դուք գիտեք' ինչ ա կատարվում… Համազգեստդ որ հանես, դու էլ ես էս երկրի քաղաքացի: Ես էլ էս երկրի քաղաքացի եմ ու պայքարում եմ նաև քո համար…»: Արմուշ-ոստիկան բանավեճը գուցե երկարեր, եթե Արման Մարությանը ակցիայի մասնակիցներին չխնդրեր այդպիսով ավարտել նկարահանումները:
Իրենց մեքենաներով ակցիային միացած հայտնիներն այնտեղից շարժվեցին Կենտրոն համայնք' շարունակելով սեփական փոխադրամիջոցներով տեղափոխել մարդկանց:
Մինչ պատրաստ կլինի սոցիալական տեսահոլովակը, կարող ես լուսանկարների միջոցով ծանոթանալ դրան: