Ձեռնագուշակությունը (երբ մարդու ճակատագիրը կարդում են ըստ ձեռքի ափի գծերի) միշտ էլ տարածված է եղել Ճապոնիայում, սակայն ժամանակակից ճապոնացիներն այնքան լուրջ են վերաբերվում դրան, որ սկսել են դիմել վիրահատական միջամտությունների օգնության՝ իրենց բախտը փոխելու համար։
Ինչպես նշում է Oddity Central-ը, նրանք հավատում են, որ ափի համապատասխան գծերը կարճացնելով, երկարացնելով ու դրանց ուղղությունը փոխելով հնարավոր է փոխել նաև ճակատագիրն ու ավելի երջանիկ դառնալ։
Կայքի թղթակիցը զրուցել է ճապոնացի պլաստիկ վիրաբույժ Տակաակի Մացուոկայի հետ, ով նշել է, որ անցած մի քանի ամսվա ընթացքում նման 37 վիրահատություն է անցկացրել։ Դրանցից յուրաքանչյուրի արժեքը հազար դոլար է։
Վիրահատությունը սովորաբար տևում է 10-15 րոպե, իսկ հետվիրահատական սպիները անցնում են մեկ ամսվա ընթացքում։ Այնուհետև դրանք ունենում են շատ բնական տեսք և անհնար է այդ գծերը տաբերել իսկականից գծերից։
Բժիշկը պատմել է, որ իրեն դիմողները հիմնականում ցանկանում են բարելավել իրենց ֆինանսական դրությունն ու անձնական կյանքը։ Նա հավաստել է, որ ոմանց դա իրոք հաջողվել է վիրահատությունից անմիջապես հետո։