«Մարդը պետք է կատարյալ լինի և հաջողության հասնի ամեն մի բնագավառում, անսխալական լինի բոլոր հարաբերություններում»
Անկասկած կատարյալ լինել ամեն ինչում անհնար է: Նա, ով իր առջև այսպիսի խնդիր է դնում, դատապարտված է անվերջ ինքնաձաղկումների ու անհանգստացնող մտատանջությունների' կապված անցյալ և ապագա հնարավոր անհաջողությունների հետ: Անգամ եթե շրջապատողները ընդունում են նրա տաղանդը որևէ բնագավառում, նա մշտապես անհանգստանում է, թե վաղը կկորցնի իր այդ կարգավիճակը: Այսպիսի իռացիոնալ պատկերացումներ ունեցող մարդիկ կարող են շատ բանի հասնել կյանքում, բայց այն, թե ինչպես են նրանք հասնում հաջողության, խորթություն է ծնում իրենց և շրջապատողների հարաբերություններում: Շատերը, ովքեր գերի են իրենց առջև դրած բարձր պահանջների ձեռքում, այդպես էլ չեն հասնում նրան, ինչի ձգտում էին:
Չէ՞ որ հնարավոր չէ (շատ քչերին է հաջողվել) հասնել ինչ-որ անբնականի (անմարդկայինի): Իհարկե պետք է ձգտել բարձունքների, բեղմնավոր աշխատանքի հանուն զարգացման, ճանաչողության և առաջընթացի: Բայց նաև կարևոր է գիտակցել, որ ամեն մարդու կարող են հանդիպել անհաջողություններ, նա չի կարող զերծ մնալ թերացումներից և կախված է լինելու ամենատարբեր խոչընդոտներից: Կարևոր է լավ անել այն, ինչը նպատակադրել եք, յուրացնել այն դասերը, որոնք տալիս է ինքը' կյանքը: Դա մեզ պարզապես անհրաժեշտ է: