Ոչ բոլոր կանայք գիտեն ճիշտ ու գեղեցիկ քայլելու գաղտնիքը: Մինչդեռ ճիշտ ու գեղեցիկ քայլվածքը թաքցնում է մարմնի թերությունները և ընդգծում է առավելությունները:
Ըստ մասնագետներից մեկի' բեմական և առօրյա քայլվածքների միջև տարբերությունը մեծ չէ և կայանում է ազդրերի տարբեր շարժումների մեջ:
Առօրյա ճիշտ քայլվածքի գաղտնիքը գլուխը, մեջքը ճիշտ պահելու, ոտքը ճիշտ դնելու, ձեռքերի և իրանի ճիշտ շարժումների և կոշիկի ճիշտ ընտրության մեջ է: Նախևառաջ, չի կարելի արագ քայլել: Ոտնաթաթերը պետք է մի քիչ դեպի դուրս նայեն: Կանանց քայլվածքը գեղեցիկ է, երբ ոտնաթաթերը շարժվում են միևնույն գծի վրա:
Առաջ պետք է գա ոտքը, հետո իրանը: Այլապես քայլվածքը չի լինի սահուն և անկաշկանդ: Ճիշտ քայլքի լայնությունը պետք է համապատասխանի մերկ ոտնաթաթի լայնությանը: Այդպես քայլելը ոչ միայն գեղեցիկ է, այլև հարմար:
Բարձրակրունկ կոշիկի վրա ճիշտ և գեղեցիկ քայլելը հատուկ հմտություն է: Պետք է քայլելիս ոտքի առջևի մասը մի քիչ դեպի դուրս դնել, եթե ոտքերի առջևի մասերն իրար են նայում, ապա նույնիսկ ամենագեղեցիկ ոտքերն էլ ծուռ են թվում: Բարձրակրունկ կոշիկի վրա պետք է քայլը դնել թաթի ողջ մակերեսով: Սակայն ավելի գեղեցիկ է, երբ կրունկը ոտքից կես վայրկյան առաջ է հասնում գետնին: Քայլելիս ոտքերը միշտ պետք է ուղիղ պահել, այլ ոչ թե ծալել ծնկի հատվածում:
Ի միջի այլոց, ուժեղ ոտքն ավելի հեշտ է ուղիղ պահել: Ճիշտ ու գեղեցիկ քայլվածքի, ինչպես նաև կանացի առողջության նախապայմանը ուղիղ կեցվածքն է: Ճիշտ կեցվածքի դեպքում կանգնած դիրքում գլուխը և իրանը գտնվում են նույն գծի վրա, կրծքավանդակը բարձրացրած է, որովայնը դուրս ընկած չէ, ետևի դիրքից ուսերը միևնույն մակարդակի վրա են, թիկունքը սեղմած: Այս կեցվածքով կարելի է սովորել ճիշտ քայլել:
Ճիշտ կեցվածքի ու քայլվածքի համար անհրաժեշտ է ճիշտ պահել ուսերը և գլուխը: Դրա համար կանգնեք հայելու առջև, գլուխն ուղիղ պահեք և հավասարեցրեք ուսագիծը: Այս դիրքում մնացեք 1 րոպե, այնուհետև փակեք աչքերը, թուլացեք, օրորեք գլուխը, ուսերը պտտեք մի քանի անգամ և փորձեք նորից ընդունել ճիշտ դիրքը: Բացելով աչքերը' ստուգեք կեցվածքը և քայլվածքը: Կատարեք այս վարժությունը հնարավորինս հաճախ, մինչև որ չընդունեք ճիշտ կեցվածք: Հիշեք, որ ճիշտ կեցվածքն ու քայլվածքը "խոսում են" կանացի ինքնավստահության մասին: