Երիտասարդ զույգերը, որոնք իրենց հարսանիքի վրա հսկայական գումարներ են ծախսում, շատ ավելի հաճախ են ամուսնալուծվում, քան համեստ հարսանիք ունեցող զույգերը: Ուստի, եթե դուք ցանկանում եք, որ ձեր ամուսնությունն ավարտվի ինչպես հեքիաթում, ապա պետք չէ հարսանիքի վրա հեքիաթային գումարներ վատնել. խորհուրդ է տալիս բրիտանական The Daily Mail պարբերականը:
Ընտանեկան հարցերով փաստաբանները եկել են այն եզրակացության, որ զույգերը, ովքեր հարսանիքի վրա շատ մեծ գումարներ են ծախսում, առավել հակված են ամուսնալուծության: Ընտանեկան իրավունքի հարցերով գլխավոր մասնագետ Ամանդա Մաքքալիսթերը նշում է, որ այսօր երիտասարդներն արդեն մեծ ֆինանսական ճնշման են ենթարկվում ուսման և բնակարանի համար վճարվող գումարների պատճառով, իսկ ճոխ հարսանիքի վրա ծախսվող փողը ևս մեկ լրացուցիչ սթրեսս է, որին ենթարկվում են երիտասարդ ամուսինները:
Փաստաբանը օրինակ է բերում հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Քիրա Նայթլիի հարսանիքը, որին ներկա է եղել ընդամենը 12 հյուր: Դերասանուհին կրում էր հին հագուստ, իսկ նրան եկեղեցի էր բերել դերասանուհու մայրը՝ իր Renault Clio մեքենայով:
Միջինում շարքային բրիտանացիները հարսանիքի վրա ծախսում են 30 հազար եվրո: Մասնագետների կարծիքով' երիտասարդ զույգերը պարզապես չեն կարողանում համակերպվել այն դաժան իրողությանը, որ հարսանիքից հետո ստիպված են լինելու մարել իրենց պարտքերը:
Մասնագետները նշում են, որ որքան էլ ոչ ռոմանտիկ հնչի այս փաստը, սակայն ընտանեկան ողջամիտ ծախսերը կարող են կայուն հիմք լինել հետագա համատեղ կյանքի համար: