Ի՞նչ են խոսում. դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը հայտնի դերասանուհի Գրետա Մեջլումյանի աղջիկն է:
Իրականում. այս առիթով զրուցեցինք երիտասարդ դերասանուհու հետ և պարզվեց, որ լուրերը համապատասխանում են իրականությանը. Ծովինարը ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Գրետա Մեջլումյանի դուստրն է: «Այո, նա իսկապես իմ մայրն է, ով, ի դեպ, ոչ մի աջակցություն չի ունեցել իմ դերասանական կյանքում»,- esyes.am-ին ասաց Ծովինարը: Վերջինս նկատեց, որ փոքրուց երգչուհի դառնալու մեծ ցանկություն է ունեցել: «Գիտեի, որ լավ եմ երգում, երաժշտական լսողություն ևս ունեի: Թեև գիտեի իմ հնարավորությունները և համոզված էի, որ լավ երգչուհի կդառնամ, սակայն վախեցա այդ տարիքում ճիշտ քայլ անելուց: Գուցե այդպես էր կանխատեսված… չգիտեմ: Մտածեցի՝ եթե ոչ երգչուհի, ապա բեմին մոտ' դերասանուհի»,- անկեղծորեն նշեց զրուցակիցս:

Ծովինարի խոսքերով' մայրը՝ վաստակավոր դերասանուհի Գրետա Մեջլումյանը, իր ազատ կամքին է թողել ցանկացած որոշում. «10-րդ դասարանն ավարտելուց հետո հասկացա, որ, օրինակ, բժիշկ չեմ կարող դառնալ և որոշեցի Թատերական ինստիտուտ ընդունվել, որովհետև դպրոցում մշտապես մասնակցել եմ նման միջոցառումների ու առաջին գծում եմ եղել»,-ասաց Ծովինարը և հավելեց, որ 2001-ին ընդունվել է Թատերական ինստիտուտի Դերասանական բաժինը' Վահե Շահվերդյանի կուրսը: «Շատերը կարծում էին, որ մայրիկիս օգնությամբ եմ ընդունվել, որովհետև նա մինչ այժմ էլ բեմական խոսք է դասավանդում Թատերականում: Սակայն մայրս ընդհանրապես չի աջակցել ինձ այդ հարցում. ընդունվելուց հետո' նույնիսկ մեկ անգամ քննությունից կտրել է: Որպես դասախոս' նա շատ խիստ է, ազգական՝ աղջիկ, տղա չի ճանաչում: Շնորհակալ եմ նրան, որ չի խառնվել իմ կյանքին ու ազատ է թողել ինձ»,- ընդգծեց Ծովինարը:

Մայրիկի հետ նույն' Սունդուկյանի անվան թատրոնում աշխատող դերասանուհին նշում է, որ թատրոնում շատ մասսայական դերեր է խաղացել, որի համար շատ ուրախ է: «Իսկ երկրորդ կուրսում Մուրացանի «Ռուզան» ներկայացման մեջ ինձ վստահվեց Ռուզանի դերը,- ասաց Ծովինարը, ով մինչ այժմ էլ մայրիկի հետ նույն բեմում հայտվելիս' հուզվում է: -Մայրս թիվ 1 դերասանուհին է ինձ համար. նա այնքան շատ է սիրում թատրոնն ու բեմը, որ նկատում է նույնիսկ ամենափոքր սխալը: Նրա հետ մինչ այժմ էլ խաղում եմ «Բերնարդան և նրա աղջիկները» ներկայացման մեջ, որտեղ երկուսս էլ գլխավոր հերոսներ ենք ու միմյանց թշնամի: Սկզբում սարսափում էի նրա հետ խաղալուց, բարդութավորվում էի, որը ժամանակի հետ փոքր-ինչ անցել է»:

Լուրը պարզեց Արևիկ Իսաջանյանը