Այսօր իր ծննդյան 38 ամյակն է նշում հոլիվուդյան դերասանուհի, ֆոտոմոդել, հասարակական գործիչ, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին: Նա ծնվել է 1975թ. հունիսի 4-ին, Լոս Անջելեսում, դերասաններ Ջոն Վոյթի և Մարսելին Բերտրանի ընտանիքում։
Արդեն 14 տարեկանում Ջոլին սկսում է որպես մոդել աշխատել հագուստի ցուցադրությունների ժամանակ։ Նկարահանվում է երաժշտական տեսահոլովակներում, խաղում է թատրոնում և նկարահանվում կինոյում։
Պահանջված դերասանուհին «Օսկարի» մրցանակակիր է, ինչպես նաև արժանացել է 3 «Ոսկե գլոբուսի» և ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի 2 մրցանակի:
Ջոլին հայտնի է նաև իր բարեգործական գործունեությամբ։ Նա բազմաթիվ ուղևորություններ է կատարում մի շարք երկրներ՝ ՄԱԿ-ի մարդասիրական առաքելության շրջանակում։
Այս տարեդարձը, ինչպես նշում են տարբեր լրատվական աղբյուրներ, դերասանուհին կնշի ստվերում, չէ որ նա վերջերս է ենթարկվել կրծքագեղձերի հեռացման վիրահատությանը' վախենալով, որ կարող է կրկնել իր մոր ճակատագիրը (նա 56 տարեկանում մահացել է քաղցկեղից):
Հարկ է նշել, որ Ջոլին իր այդ քայլով ամբողջ աշխարհի կանանց ուշադրությունը սևեռեց կանանց առողջության խնդրին։ Ինչպես նշում է աստղը, ներկայում նա իրեն լավ է զգում և բարդույթներ չունի: Երկու օր առաջ նա մասնակցեց Բրեդ Փիթի մասնակցությամբ ֆիլմի պրեմիերային, ում աջակցությունն ու սերը նա զգում է մշտապես:
Երբ Նրան կմոտեցնեն ծննդյան տորթը, նա հավանաբար կերազի ոչ թե փառք կամ ճանաչում, որն անսպառ ունի, այլ իրեն և իր ընտանիքին առողջություն, Ջոլին չի մոռանա նաև աշխարհի բոլոր մարդկանց, որոնց համար նա անկեղծորեն ցավում է: