Հատկապես ձմռանը հարկավոր է հոգ տանել, որ օրգանիզմը բնական ճանապարհով վիտամիններ ստանա: Որոշ մթերքներ հրաշալի պահպանում են իրենց օգտակար հատկությունները նաեւ ձմռանը, եւ պետք է թարմ բանջարեղենի սղությամբ աչքի ընկնող ամիսներին օգուտ քաղել հենց նրանցից… Այդպիսին է գազարը: Գազարով աղցանը բոլորը գիտեն մանկության տարիներից. այն պետք է սննդակարգում պահել նաեւ հետագայում:
Մեկ բաժին արագ պատրաստվող, բայց չափազանց օգտակար աղցանը ստանալու համար հարկավոր է'
200-250 գրամ գազար,
2 ճաշի գդալ շաքարավազ,
2 ճաշի գդալ թթվասեր:
Աղցանը շատ հեշտ է պատրաստվում: Պետք է վերցնել խոշոր, ամբողջական գազարը, լավ լվանալ, թեթեւակի մաքրել վրայի շերտը եւ անցկացնել մանր քերիչով: Ավելացնել շաքարավազը, թթվասերը, լավ խառնել, 10-15 րոպե թողնել, որ աղցանի բոլոր անդամները «իրար լավ հասկանան», եւ արդեն կարելի է ուտել: Մեկ կարեւոր հանգամանք. գազարով աղցանը յուղային մասով, այս դեպքում' թթվասերով, հարստացնելը շատ ցանկալի է: Միայն այդ դեպքում է գազարի մեջ պարունակվող կարոտինը ամբողջությամբ մարսվում օրգանիզմի կողմից:
Բարի ախորժակ: