Ոչ, սա «Ռաֆաելլո»-ի գովազդ չէ, քանի որ մենք առաջարկում ենք ոչ թե գնալ խանութ և գնել պատրաստի կոնֆետը, այլ պատրաստել այն տանը' սեփական ձեռքերով:) Իհարկե, խանութ գնալու կարիք կլինի: «Ռաֆաելլո» պատրաստելու համար անհրաժեշտ է գնել՝
խտացրած կաթ,
մեկ տուփ կարագ,
վանիլին,
200 գրամ կոկոսի փաթիլ,
մեկ բաժակ նուշ:
Պատրաստման եղանակը.
Պատառաքաղով որոշ ժամանակ խառնելով' սենյակային ջերմաստիճանի պայմաններում հալեցնել կարագը: Ավելացնել խտացրած կաթը, վանիլինը ու կոկոսի փաթիլների կեսը: Հարել մինչև միասեռ կրեմ ստանալը, և ստացվածը մի ամբողջ օր թողնել սառնարանում:
Սառած կրեմից պատրաստել փոքրիկ գնդիկներ, որոնցից յուրաքանչյուրի մեջ մեկական նուշ մտցնել: Սա արդեն պատրաստի միջուկն է: Մնում է միայն թաթախել այն կոկոսի փաթիլների մնացած մասի մեջ:
Տնային պայմաններում պատրաստված «Ռաֆաելլո»-ն շատ ավելի նուրբ է ստացվում, քան այն, որ հնարավոր է ձեռք բերել խանութում: Այս «Ռաֆաելլո»-ն կարող է հալչել 23 աստիճանից բարձր ջերմաստիճանի պայմաններում: Դրանից խուսափելու համար պետք է պատրաստի կոնֆետները պահել սառնարանում: Հազարավոր բառերն իրոք ավելորդ կլինեն. Դուք ամեն ինչ ասած կլինեք ձեր քաղցր անակնկալով: