Դերասան Պատրիկ Դեմփսին People ամսագրի վարկածով արժանացել է «Ամենասեքսուալ տղամարդու» կոչմանը։ Բայց պարզվում է, որ տղամարդուն կամ կնոջը սեքսուալ դարձնող ոչ մի կոնկրետ բան չկա։ «Սեքսուալությունը նայողի աչքերում է»,- HuffPost-ին ասել է մարմնի լեզվի փորձագետ Բլանկա Կոբը՝ նշելով, որ անձնական նախապատվությունը մեծ դեր է խաղում:
Օրինակ՝ որոշ տղամարդիկ նախընտրում են շիկահերներին, քան թխահերներին։ Մյուսներին գրավում են մեծ քթերը, մեծ ականջները կամ խորը ձայնը:
Միեւնույն ժամանակ, փորձագետներն ասում են, որ մշակութային միտումները նույնպես դեր են խաղում գրավչության ընկալման մեջ։
Եթե Քեյթ Մոսի նիհար կազմվածքը 90-ականներին կանացի գեղեցկության մարմնացումն էր, Քիմ Քարդաշյանի փարթամ կազմվածքը դարձել է նորաձեւ վերջին տասնամյակում:
«Բազմաթիվ տեսություններ կան այն գործոնների մասին, որոնք կարող են մեծացնել գրավչությունը․ դրանք կապված են մշակութային ասպեկտների, էվոլյուցիոն եւ մերձավորության գործոնների հետ, որոնք ցույց են տալիս, որ մեզ գրավում է այն, ինչ մենք սովոր ենք տեսնել ամենից հաճախ»,-ասում է Ֆլորիդայի հոգեբան Քելսի Լաթիմերը,-«Սա ցույց է տալիս, որ գրավչությունն ունի ինչպես կենսաբանական, այնպես էլ ձեռքբերովի գործոններ»:
Մասնագետներն ասում են, որ անհատականությունն ու հմայքը նույնպես կարող են գրավչություն ստեղծել կամ կոտրել այն: «Երբեւէ հանդիպե՞լ եք մեկին, ում արտաքին տվյալները շատ բարձր չեք գնահատել, իսկ հետո, ճանաչելով նրան, հանկարծ հասկացել եք, որ նա հիանալի ժպիտ կամ գեղեցիկ աչքեր ունի»: Լատիմերն ավելացրել է. «Սա պատահականություն չէ։ Անհատականությունն ունակ է գրավչության սկզբնական զգացումը փոխել դրականի կամ բացասականի»։
Այսպիսով, սեքսուալության մասին միանշանակ սահմանում չկա՝ հաշվի առնելով անձնական նախասիրությունները եւ գեղեցկության ընկալումները, որոնք կարող են տարբեր լինել՝ պայմանավորված տարիքով, ժամանակով եւ տարածաշրջանով: