Ամեն մարդ պոտենցիալ զուգընկերոջ նկատմամբ պահանջների իր ցուցակն ունի, յուրաքանչյուրն անհատական մոտեցում է դրսեւորում: Բայց ի՞նչն է առանցքային դեր խաղում կանանց կողմից տղամարդկանց գնահատման մեջ եւ հակառակը: Այս մասին գրում է Style.news.am-ը' հղում անելով La viva.ru-ին:
Եթե խոսենք կարճաժամկետ հարաբերությունների մասին, կանայք այս դեպքում ավելի խիստ մոտեցում ունեն զուգընկերոջ ընտրությանը, քան տղամարդիկ: Այն կինը, որը մտադիր է ծանոթանալ տղամարդու հետ, նույնիսկ կարճաժամկետ սիրավեպի համար չի դավաճանում իր սկզբունքներին եւ շատ պահանջկոտ վերաբերմունք ունի իր զուգընկերոջ ընտրությանը: Տղամարդիկ այդ առումով այնքան էլ խստապահանջ չեն, նրանք պատրաստ են զոհել իրենց սկզբունքները կարճաժամկետ սիրավեպի համար, բացի արտաքինին վերաբերող կետից:
Ինչ վերաբերում է հետագա համատեղ կյանքի եւ ամուսնանալու համար զուգընկերոջ ընտրությանը, այդ առումով ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ շատ ընտրողական են:
Կանայք հակված են կյանքի ընկերոջ ընտրություն կատարել այնպիսի մեկի օգտին, որը համապատասխան կարգավիճակ ունի: Եթե կինը բարձր սոցիալական ծագում ունի, իր ընտրյալին էլ կտեսնի նման մարդկանց թվում: Ընդ որում, բոլորովին կարեւոր չէ, թե ինչ հարաբերություններ կձեւավորվեն նման մարդկանց միջեւ' ընկերական, կարճատեւ սիրավեպ, թե ամուսնական կյանք: Այս հարցում տղամարդիկ տարբեր են: Որպես կանոն, ուժեղ սեռի ներկայացուցիչը, որը բարձր կարգավիճակ ունի, վիճակագրության համաձայն գերադասում է պակաս հաջողակ կնոջը: Սակայն ամուսնության հարցում ամեն ինչ տրամագծորեն հակառակն է:
Բոլոր կանայք, առանց բացառության, ջանում են իրենց տղամարդու հետ հավասարը հավասարի պես լինել, իսկ ոմանք ջանում են նույնիսկ ցույց տալ իրենց կամային եւ ուժեղ բնավորությունը: Չնայած դրան, ընտանեկան մասնագետները պնդում են, որ կինն ավելի շուտ նախապատվությունը կտա քնքուշ եւ բարի ընտանեսերին, քան տիրական եւ համառ զուգընկերոջը: Կանանց համար հատուկ կարեւորություն ունեն արդար եւ առատաձեռն տղամարդիկ, որոնք չեն զիջում նույնիսկ գրավիչ եւ ապահովված տղամարդկանց:
Զույգի ընտրության հարցում տղամարդիկ ելնում են սեփական բնավորությունից: Մեկն ուզում է ենթարկվող տնային տնտեսուհու տեսնել, մյուսները' հոգատար մայրիկի, երրորդներին գրավում է կնոջ իմաստնությունը: Կան նաեւ այնպիսիք, որոնց անփորձ զուգընկերուհի է անհրաժեշտ, որովհետեւ կարծում են, որ նման զուգընկերուհուն կարելի է դարձնել այնպիսին, ինչպիսին իրենք են ուզում: