Սեմագլուտիդը՝ մարդկային ГПП-1 հորմոնի սինթետիկ անալոգը, որը ուտելուց հետո արտազատվում է արյան մեջ, կարող է արդյունավետ միջոց լինել ճարպակալման դեմ։ Այս դեղամիջոցի ամենօրյա ներարկումները նշանակում են 2 տիպի շաքարախտի դեպքում` շաքարի մակարդակի իջեցման, ախորժակի, սովի զգացողության նվազեցման եւ ի վերջո կալորիաների օգտագործման ծավալը կրճատելու համար:

Ինչպես պատմում է «News Mail.RU»-ն, Լոնդոնի համալսարանական քոլեջի (Մեծ Բրիտանիա) ճարպակալման հետազոտությունների կենտրոնի գիտնականների գլխավորած փորձագետների խումբը անցկացրել է սեմագլուտիդի՝ որպես քաշի կորստի միջոցի մասշտաբային կլինիկական փորձարկումներ: Փորձերի երրորդ փուլը, որի արդյունքները հրապարակվել են The New England Journal of Medicine-ում, սկսվել է 2018-ի աշնանը եւ տեւել է գրեթե մեկուկես տարի: Դրան մասնակցել են Ասիայի, Եվրոպայի, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի 16 երկրների գրեթե 2000 բնակիչներ: Բոլոր մասնակիցները տառապել են ավելորդ քաշից կամ ճարպակալումից, բայց չեն ունեցել 2-րդ տիպի շաքարախտ:

Շաբաթը մեկ անգամ մասնակիցների կեսը ստացել է սեմագլուտիդի ներարկում (2,4 միլիգրամ՝ գրեթե 5 անգամ ավելի շաքարախտի համար սահմանված դոզայից), իսկ մնացածը ստացել են պլացեբո: Դիետոլոգի հետ հանդիպումներն անցկացվել են յուրաքանչյուր 4 շաբաթը մեկ` օգնելու վերահսկել սննդակարգը ու ընդհանուր ապրելակերպը: Արդյունքում ավելի քան 1,5 տարում, հիմնական խումբը կորցրել է միջինը 15 կիլոգրամ: Վերահսկվող խումբը կորցրել է 2,6 կիլոգրամ:

Հիմնական խմբի 75%-ը կորցրել է իր սկզբնական քաշի ավելի քան 10%-ը, իսկ 35%-ը՝ ավելի քան 20%-ը: Այս ցուցանիշները կարելի է համեմատել միայն ստամոքսի շունտավորման համար վիրահատության արդյունքների հետ:

Հարկ է նաեւ նշել, որ սեմագլուտիդ ընդունելուց հետո կամավորների մոտ բարելավվել են այն ցուցանիշները, որոնք կապված են սրտանոթային հիվանդությունների եւ 2-րդ տիպի շաքարախտի ռիսկի գործոնների հետ: Մասնավորապես, կրճատվել է գոտկատեղի շրջագիծը, նվազել է արյան մեջ ճարպերի եւ գլյուկոզայի մակարդակը, նորմալացել է արյան ճնշումը: Դեղամիջոցի երկարատեւ օգտագործումը լուրջ կողմնակի ազդեցություններ չի առաջացրել:

news.am