Բրիտանացիների և ոչ միայն սիրելի արքայադուստ Դիանային հաճախ բնութագրում էին որպես շատ ամաչկոտ, քանի որ նա հեշտ ու արագ կարմրում էր : Սակայն հարցն ամենևին էլ ամաչկոտության մեջ չէր : Լեդի Դիի վարդագույն այտերի պատճառը մաշկի քրոնիկ բորբոքային հիվանդությունն էր : Անգլիայի արքայադուստրը տառապում էր ռոզացեայով :

Ռոզացեան հանգեցնում է կարմրության, բշտիկների և այտուցների առաջացման, ինչպես նաև մանր և մակերեսային արյունատար անոթների լայնացման։ Հիվանդության ժամանակ առավել հաճախ ախտահարվում է քիթը, այտերը, ճակատը և ստորին ծնոտը : Ըստ կոսմետոլոգների և դերմատոլոգների՝ ռոզացեայի առաջացման պատճառ կարող են դառնալ այնպիսի գործոններ, ինչպիսիք են սթրեսը, ոչ ճիտ սննդակարգը, ագրեսիվ կոսմետիկ միջոցների կամ պրոցեդուրաների կիրառումը, ջերմաստիճանի անկումը, հորմոնալ դիսբալանսը, աղեստամոքսային տրակտի հիվանդությունները :

 

 

Որոշ լուսանկարներում կարող եք նկատել արքայադուստր Դիանային բնորոշ կարմրավուն հետքերը նրա քթի ու այտերի վրա :

Արքայադուստրը փորձում էր պայքարել իր արտաքնի այդ առանձնահատկության դեմ : Ինչպես հիշատակում են աղբյուրներն ու արքայական ընտանիքի մտերիմները, Դիանան կազմակերպում էր հատուկ «Դիանայի օրեր» : Այդ օրերը նա նվիրում էր միայն ինքն իրեն՝ անում էր մերսումներ բուրավետ յուղերով, մաշկի խնամքով էր զբաղվում : Դիանան վստահ էր, որ օրական 60 անգամ լվացվելն իր մաշկը կառողջացնի :

 

 

Հայտնի է, որ արքայադուստրը լվացվում էր հասարակ գլիցերինային օճառով : Մյուս օճառները նրան չէին համապատասխանում, քանի որ մաշկը չափազանց զգայուն էր : Անուհետև գալիս էր տոնավորող լոսյոնի և յուղերի հերթը, որոնք նա ինքնուրույն էր պատրաստում : Դիանան սիրում էր օգտագործել Guerlain խոնավեցնող քսուք և նախընտրում էր Johnson&Johnson մարմնի լոսյոններն ու վազելինը :

Ուելսի արքայադուստրը սիրում էր նաև դիմակներ, որոնք տոնավորում էին մաշկը : Դրանք ևս ինքնուրույն էր պատրաստում : Առավել նախընտրում էր ավոկադոյից, ձվի սպիտակուցից, կիտրոնի հյութից ու մեղրից պատրաստված դիմակը : Իսկ աչքերին դնում էր վարունգի կտորներ : Կոսմետիկ դիմակներից հետո Դիանան լվացվում էր տաք, ապա սառը ջրով :