«Երբ փոքր էի, շատ էի ցանկանում վհուկ-հոբիթ դառնալ: Հիմա մոգություն եմ անում խմորից եւ շաքարից: Ես դա ոչ մի այլ բան հետ չէի փոխի: Ես դրա մեջ մեծագույն բավարարվածություն եւ ուրախություն եմ գտնում»,- NEWS.am STYLE-ի հետ հարցազրույցում ասաց ԱՄՆ-ից լեգենդար հրուշակագործ Ֆլորա Աղաբաբյանը: Նրա աղանդերները արվեստի ստեղծագործություն են, նրա մոտ հերթագրվում են անգամ հայտնիները: Քիմ Քարդաշյանը Ֆլորայի տորթերի մեծ սիրահարն է: Էլ չխոսենք Դոնալդ Թրամփի մասին: Ավելացնենք, որ Նեւադայի Ռեստորանների ասոցիացիան Ֆլորային է շնորհել 2019 թվականի Շեֆ հրուշակագործի կոչումը: Ընդ որում՝ նա աներկբայորեն հավատում է՝ միշտ չէ, որ մենք ենք ընտրում մեր մասնագիտությունը կամ կարիերան, երբեմն նա է ընտրում մեզ:
Դժվա՞ր էր ԱՄՆ-ում իրականացնել սեփական երազանքը:
Ես երազում եմ, հավատում ու անում, եւ այն մշտապես կատարվում է... Ամեն օր ստեղծելը եւ որեւէ մեկի գաղափարն իրականություն դարձնելն ինձ համար մեծ մարտահրավեր է: Օրվա վերջին, եթե ամեն ինչ հրաշալի է, բոլորը երջանիկ են, դեմքերը փայլում են, ապա դա ինձ համար ամենամեծ պարգեւն է: Պատահում է, որ հարսանեկան տորթն այնքան գեղեցիկ է, որ հարսնացուն ափսոսում է կտրել: Երբեմն հարսանեկան տորթի միայն մի մասն է հյուրերին մատուցվում:
Եթե օրվա ընթացքում ինչ-որ նոր բան չի ստեղծվում, այնպիսի զգացում եմ ունենում՝ ասես ինձ չեմ արտահայտել: Նույնիսկ 12-ժամյա աշխատանքային օրից հետո:
Ձեր տորթերը արվեստի ստեղծագործություն են, ինչպե՞ս եք դրանք ստեղծում:
Յուրաքանչյուր օրը մեզ ինչ-որ նոր բան ստեղծելու հնարավորություն է ընձեռում:
Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում:
Ոգեշնչումը գալիս է ցանկացած գործոնից՝ օրվա եղանակից, բնությունից, ջրից, երեխաներից, մարդկանցից, անհատականություններից... Դուք կարող եք ամեն ինչով ոգեշնչվել... Պարզապես պետք է ինքնավստահ լինես եւ հավատաս... Հավատացեք նրան, ինչի մասին մտածում եք, նրան, թե ինչպես եք տեսնում, ինչպես եք մտածում, ինչ եք ցանկանում, ջանասիրաբար աշխատեք... Հաջողությունը գալիս է մշտական աշխատանքի շնորհիվ եւ ձեզ կհետեւի՝ անկախ ամեն ինչից:
Դուք հայտնի անձանց սիրելի հրուշակագործն եք, ինչպես՝ Դոնալդ Թրամփի, Քիմ Քարդաշյանի: Դժվար չէ՞ նրանց համար տորթեր թխել:
Ո՛չ, ամենեւին դժվար չէ: Ես մեծագույն հաճույքով եմ տորթեր պատրաստում բոլոր մարդկանց համար, ոչ միայն հայտնիների: Բոլորին միատեսակ եմ վերաբերվում եւ փորձում եմ տորթերի միջոցով փոխանցել իմ սերը: Սերը իմ ունիվերսալ գաղտնի բաղադրամասն է: Կյանքում ես առաջնորդվում են երեք սկզբունքով՝ լինել հոգատար, սիրող եւ միշտ մարդկանց օգնել՝ որքան հնարավոր է: Հենց այս պատճառով իմ աղանդերները ստեղծելիս ձգտում եմ, որ մարդիկ մտապահեն երջանկության պահերը: Աշխարհում անչափ մեծաթիվ են խնդիրներն ու դժվարությունները: Հրուշակագործական արվեստը մարդկանց օգնում է թեկուզ ինչ-որ ժամանակով մոռանալ հոգսերի մասին: Ընդհանրապես, կարծում եմ, որ ազգի համախմբվածությունը սկսվում է ուտելիքից եւ առողջ կյանքից, ընդ որում՝ անհրաժեշտ է կարողանալ պահպանել դրական մտածելակերպը եւ մշտապես համեստ մնալ: Կարեւոր չէ՝ ով ես դու կամ ինչով ես զբաղվում, կարեւոր է մարդ լինել, ումից կարելի է սովորել եւ ումով կարելի է ոգեշնչվել:
Դուք 2019 թվականի Շեֆ հրուշակագործն եք, ի՞նչ է դա Ձեզ համար նշանակում:
Անկեղծ ասած՝ այդ անվանակարգն ինձ համար մեծ անակնկալ էր: Դա մեծագույն պատիվ է: Ես անչափ շատ եմ աշխատել, բայց չէի մտածում, որ կարող եմ այդպիսի բարձունքների հասնել...
Կցանկանայի՞ք արդյոք սեփական խոհարարական դպրոց բացել:
Իհարկե, շատ կցանկանայի: Ես հիմա հենց այդ գործընթացի մեջ եմ եւ հույս ունեմ, որ շուտով կկարողանամ իմ փորձն ու գիտելիքները փոխանցել տաղանդավոր եւ կրեատիվ երիտասարդներին:
Մրցություններ եւ Անվանակարգեր
2005 Հեռուստահաղորդում Birthday Cake Challenge՝ «Էլվիս Փրեսլի» տորթ
2007 Հեռուստահաղորդում Birthday Cake Challenge՝ «Արքայադուստր» տորթ
2008 Հարսանեկան 10 լավագույն տորթերից մեկը՝ «Դրախտային հարսնացու»
2009 Հարսանեկան տորթերի մրցույթում երկրորդ տեղ՝ «Վերադարձ դեպի ծով»
2010 2010 թվականի աշխարհի գրանդ չեմպիոն՝ Visions of Heaven («Երկնային տեսիլքներ»)
2012 Las Vegas Strip-ում առաջատար հրուշակագործ՝ «Թույլ տվեք նրանց տորթ ուտել»
2012 Տորթերի դիզայներների թոփ 10 պրոֆեսիոնալ հրուշակագործների թվում՝ Dragon
2018 F&B Honors Sweetest Slice («Քաղցր կտոր» պարգեւ)
2019 Holiday Wars խոհարարական հեռուստաշոու
2019 Տարվա Շեֆ հրուշակագործ