Քաղցկեղի, շաքարախտի և դեմենցիայի (ձեռք բերված թուլամտություն) հիմնական պատճառներից մեկը կարող է լինել Porphyromonas gingivalis բակտերիաները, որոնք բազմապատկվում են բերանում և առաջացնում են լնդերի հիվանդություն: Այսպիսի եզրահանգման են եկել ամերիկյան Cortexyme ընկերության մասնագետները, որոնք զբաղվում են դեղամիջոցների մշակմամբ և արտադրությամբ՝ գրում է Daily Mail-ը։
Մասնագետների տվյալների համաձայն՝ բերանի խոռոչում տեղի ունեցած ապակառուցողական գործընթացների համար պատասխանատու Porphyromonas gingivalis-ը ունակ են բորբոքում առաջացնել կենսական օրգաններում:
Բակտերիաները հայտնաբերվել են Ալցհայմերի հիվանդությամբ տառապող հիվանդների ուղեղներում: Բացի այդ, դրանք հայտնաբերվել են արթրիտի հետևանքով տուժած հոդերի, աթերոսկլերոզային խցուկների մեջ, դիաբետիկների ենթաստամոքսային գեղձի, հիվանդ մարդկանց լյարդի և քաղցկեղային ուռուցքների տարբեր տեսակների մեջ' հիմնականում տեղայնացված գլխի, պարանոցի և մարսողական օրգանների մեջ։
Այն վարկածը, որ Porphyromonas gingivalis-ը ի վիճակի է հրահրել մի շարք հիվանդությունների զարգացումը, հաստատվում է մկների վրա արված թեստերով: Սովորաբար մկները Porphyromonas gingivalis-ի կրողներ չեն, բայց նրանք, որոնց հետագայում «ներդրել» են այդ բակտերիաները, հետագայում սկսել են տառապել լնդերի հիվանդությամբ, այնուհետև՝ շաքարախտով, ռևմատոիդ արթրիտով, աթերոսկլերոզով, լյարդի ճարպակալումով և Ալցհայմերի հիվանդությամբ։