Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ կյանքի ընթացքում տասը կամ ավելի զուգընկեր ունենալն էապես մեծացնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը, ասվում է Medical Xpress կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է հոդվածում, նման օրինաչափություն է նկատվել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ:
Ուսումնասիրության ընթացքում Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Իտալիայի և Ավստրիայի գիտնականները Մեծ Բրիտանիայի մոտ 5722 բնակիչների տվյալներ են հավաքել, որոնք տվյալների գրանցման ժամանակ նշել են կյանքի ընթացքում ունեցած զուգընկերների թիվը: Հարցվածների միջին տարիքը 64 տարի էր:
Հարցված կանանց շրջանում, որոնք ունեցել են տասից ավելի զուգընկեր, 91%-ով ավելի հաճախ է քաղցկեղ ախտորոշվել, քան հարցման մասնակից մեկ զուգընկեր ունեցած կանանց մոտ:
Նման միտումը բնորոշ է եղել նաև տղամարդկանց: Տասը և ավելի զուգընկեր ունեցած տղամարդիկ 69%-ով ավելի հաճախ են հիվանդացել ուռուցքային հիվանդություններով, քան մեկ զուգընկեր ունեցող տղամարդիկ:
Միևնույն ժամանակ, գիտնականները շեշտում են, որ ուսումնասիրության արդյունքների համաձայն դեռ վաղ է խոսել քաղցկեղի զարգացման վրա զուգընկերների թվի ազդեցության մասին: Միևնույն ժամանակ, նրանք նման վիճակագրությունը բացատրում են սեռական ճանապարհով փոխանցվող վարակների ազդեցությամբ: