Ամերիկյան Victoriaʼs Secret կանացի ներքնազգեստի ապրանքանիշը 25 տարվա ընթացքում առաջին անգամ չեղարկել է ավանդական ամենամյա Victoriaʼs Secret Fashion Show ցուցադրությունը: Այս մասին հայտարարել է L Brands ընկերության ֆինանսական տնօրեն և սեփականատեր Ստյուարտ Բուրգդորֆերը, գրում է Fortune-ը:
Նրա խոսքերով, կազմակերպությունը նախատեսում է վերանայել ապրանքանիշի դիրքավորումը: Բացի այդ, նա նշել է, որ վերջին տարիներին շոուների հանդիսատեսի քանակը զգալիորեն նվազել է, և միջոցառումը գործնականում որևէ ազդեցություն չի ունեցել սպիտակեղենի վաճառքի վրա:
«Մենք կշարունակենք փոխգործակցությունը հաճախորդների հետ, բայց մասշտաբի առումով դա կլինի այլ բան, որը նման չի լինի նորաձևության ցուցադրությանը»,- ասել է նա՝ հավելելով, որ Victoria’s Secret Fashion Show-ն «նշանավոր մարքեթինգային ձեռքբերում էր»:
Victoria’s Secret-ի ցուցադրություններն անցկացվում են ամեն տարի 1995 թվականից ի վեր: Շոուին մասնակցում էին աշխարհի ամենահայտնի մոդելներ, այդ թվում ապրանքանիշի, այսպես կոչված, «հրեշտակները», որոնք ներքնազգեստ էին գովազդում և բեմ էին բարձրանում ուսերի ետևում ամրացրած թևերով. Լիլի Օլդրիջ, Ստելա Մաքսվել, Սառա Սամպայո, Ջոզեֆին Սկրիվեր, Բարբարա Պալվին: 2001 թ.-ից ի վեր ցուցադրությունը հեռարձակվում է ամերիկյան հեռուստատեսությամբ: