Եվս 11 կանայք սեռական ոտնձգությունների մեղադրանքներ են ներկայացրել իսպանացի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոյի նկատմամբ: Այդ մասին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Երգչուհի Անջելա Թյոռները եւ տասը այլ կանայք, ովքեր չեն ցանկացել, որ իրենց անունները նշվի, քանի որ դեռեւս աշխատում են ինդուստրիայում, գործակալությանն են դիմել այն բանից հետո, երբ օգոստոսի 13-ին թողարկվեց մի նյութ, որում ներկայացված են ինը կանանց, այդ թվում՝ երգչուհի Պատրիսիա Վուլֆի մեղադրանքները օպերային երգչի նկատմամբ: Կանայք հայտարարել են, որ Դոմինգոն իրեն անվայելուչ է պահել գրիմարաններում, հետամտել է ու փորձել է համբուրել:
Ավելի վաղ Իսպանիայի մշակույթի նախարարի պաշտոնակատար Խոսե Գիրաոն հայտարարել էր, որ Դոմինգոյի հասցեին սեռական ոտնձգությունների մեղադրանքները պետք է ապացուցվեն ինչ-ինչ եզրակացություններ անելուց առաջ: Նա ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ միայն մի կին է բացեիբաց հայտարարություն արել, մնացածները հանդես են եկել անանուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: