«Մի քանի օր է, ինչ մասնակցում եմ Երևանում տեղի ունեցող ընդդիմադիր հանրահավաքներին, երթերին ու պետք է նշեմ, որ այս պայքարին պետք է յուրաքանչյուր քաղաքացի միանա, որովհետև միայն փողոց դուրս գալով և հստակ պահանջներ ներկայացնելով է հնարավոր պայքարել ստեղծված բարքերի դեմ»: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի լրագրողի հետ զրույցում ասաց մոդել Անիտա Հարությունյանը, ում հանդիպեցինք Նիկոլ Փաշինյանի կողմից Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ:

Մոդելը նաև ասաց, որ ոստիկանության կոպիտ վարքը խաղաղ հավաքներ իրականացնողների նկատմամբ, պարզապես վախեցնում է ցուցարարներին և անմիաստ բերման ենթարկելը, փշալարերը, վահանները, զրահամեքենաները ու մինչև կոկորդը զինված ոստիկանները պարզապես հունից հանում են ժողովրդին, ովքեր փորձում են իրենց քաղաքական և քաղաքացիական կամքը թելադրել իշխանություններին:

 

«Ես կարծում եմ, որ Հայաստանում փոփոխություններն անհրաժեշտ են և այդ փոփոխությունները փողոց դուրս եկած երիտասարդության ձեռքին են: Իրենք պետք է որոշեն, թե իրենց երկիրը ով պետք է ղեկավարի: Նախագահից վարչապետի պաշտոնին անցումը փոփոխություններ չի կարող բերել, որովհետև մենք տեսնում ենք, որ նույն մարդիկ են իրենց պաշտոններում վերանշանակվում: Արդեն ծիծաղելի է դարձել. ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանն իր պաշտոնում ավելի հին է, քան Ադրբեջանը, ինչպե՞ս կարելի է անընդհատ նույն մարդկանց նշանակել: Կադրերի մեջ է հենց խնդիրը, մենք ռեսթարթի կարիք ունենք և հուսով եմ՝ այս երիտասարդությունը կհասնի այդ ռեսթարթին»:

Անիտա Հարությունյանը հորդորեց նաև ոստիկանությանը՝ միանալ ցուցարարներին, չէ՞ որ այս օրերին նաև նրանց և իրենց ընտանիքների հարցն է լուծում ստանում, իսկ յուրաքանչյուր ձախողում կյանքի հետընթացին է հանգելու:

«Նիկոլ Փաշինյանին հաջողվեց դառնալ ընդդիմադիր այն լիդերը, ով իր շուրջը համախմբեց իշխանություններից դժգոհող հազարավոր քաղաքացիների: Ես, որպես իշխանություններից դժգոհող ՀՀ քաղաքացի՝ չկարողացա լռել և միացա Փաշինյանի ղեկավարած շարժմանը, որովհետև նա կարող է իր թիմակիցների հետ քայլ անել, մերժել Սերժին և նրա շուրջը հավաքված օլիգարխներին»,- ասաց Անիտան: