Համեստ, ամաչկոտ աղջիկերը, ովքեր ուզում են փոխվել, դառնալ ավելի ազատ, շփվող, հետաքրքիր, այս խորհուրդները կարող են լիովին կիրառել իրենց բարդույթներից ազատվելու օգտին: Մի մտածեք, որ դա Ձեր ուժերից վեր է:
Նախ դրա համար անհրաժեշտ է հասկանալ, թե հատկապես ինչն է Ձեզ խանգարում լինել ավելի ազատ, շփվող: Հետո հասկացեք՝ արդյոք այդ ցանկությունը' դառնալու ավելի շփվող, այնքան մեծ է, որ Դուք պատրաստ եք հետևել ինքներդ Ձեզ, սկզբնական շրջանում ուժեղ հսկողություն սահմանել ինքներդ Ձեզ վրա և այլն: Եթե այս հարցի պատասխանը «այո»-ն է, ապա այս խորհուրդները Ձեզ կօգնեն ազատորեն շփվել մարդկանց հետ յուրաքանչյուր իրավիճակում:

Պարապեք տանը

Պատկերացրեք, որ պատրաստվում եք ելույթի: Պատրաստեք մի քանի արտահայտություններ, որոնցով կարելի է սկսել խոսակցությունը: Մտածեք, թե ինչի մասին կարող եք հարցնել մարդուն, որի հետ պատրաստվում եք շփվել: Եվ ասեք այդ ամենը հաճելի ձայնով, հետևեք ձայնի առոգանությանը, ուժգնությանը: Այդպես «տնային դասերը» կօգնեն Ձեզ ասել այդ ամենն ավելի վստահ և հանգիստ:
Ձեզ կօգնեն նաև անեկդոտները, հետաքրքիր պատմությունները կամ մեջբերումները: Հատուկ սովորեք մի քանիսը և հարմար առիթով օգտագործեք դրանք զրույցի ընթացքում:

Ժպտացեք

Դուք գիտե՞ք, որ շատերն էլ Ձեզ նման վախենում են կամ ամաչում շփումից: Եվ նրանք եւս կարող են չիմանալ, թե ինչպես պահեն իրենց: Իսկ Ձեր բարյացկամությունը և ժպիտը կօգնեն դիմացինին ավելի հարմար զգալ իրեն, ազատվել հուզմունքից:
Զերծ մնացեք կարճ պատասխաններից
Երբ Ձեզ հարցնում են, թե ինչպես են գործերը կամ ինչ նորություն կա, Դուք հավանաբար պատասխանում եք' նորմալ կամ ինչպես միշտ: Չի լինում այնպես, որ կյանքում ոչ մի նոր բան չլինի, ոչ մի փոփոխություն, նորություն: Պատմեք, ասենք, թե ինչպես եք արել տնային աշխատանքը, ռեֆերատը… Պատմեք այն մասին, թե ինչ եք դիտել հեռուստացույցով վերջերս կամ ինչ հետաքրքիր բան եք գտել համացանցում: Դուք նույնպես հարցրեք, թե ինչպես է անցել օրը, ինչ պլաններ ունի վաղը, ում է տեսել Ձեր ընդհանուր ծանոթներից վերջերս:

Կարողացեք լսել

Լինել շփվող չի նշանակում միայն խոսել, շատ ավելի կարևոր է կարողանալ ուադիր լսել խոսակցին: Մեր ընկերները շատ են գնահատում մեր հասկանալու, դրության մեջ մտնելու ունակությունը, մեր ցավակցությունը կամ անկեղծ ուրախությունը, բարի վերաբերմունքը: Ցուցաբերեք հետաքրքրասիրություն, լսեք և մեկընդմեջ ավելացրեք. «Իսկապե՞ս, հիանալի է», «Դու իրո՞ք այդպես ասացիր», «Զիլ է»: Միայն թե անկեղծ եղեք:

Շփվեք

Լինել շփվող աղջիկ նշանակում է շփվել ամենաչնչին հնարավորության դեպքում էլ: Դա կարծես օտար լեզվի ուսուցում լինի. եթե դադարում եք «օգտագործել» այն, ապա կորցնում եք հմտությունը: Այնպես որ մի փոքր քաջություն հավաքեք և պատմեք որևէ անեկդոտ շրջապատում, գովեք որևէ մեկի նոր սանրվածքը, զանգահարեք Ձեր ընկերներից, համակուրսեցիներից որևէ մեկին թեկուզ միայն շատախոսելու համար:

Սկզբում ներքին լարվածություն կզգաք, այնպես որ փորձեք տանը Ձեր յուրաքանչյուր հանդիպումը, զրույցը: Բայց ամեն նոր փորձից հետո Ձեզ համար ավելի հեշտ և հաճելի կլինի շփումը:
Դադարեք վախենալ մարդկանից, նրանք նույնպես անթերի չեն, նույնպես հուզվում են, անհանգստանում: Միայն թե նրանք կարող են չիմանալ'ինչպես ազատվել դրանից, իսկ Դուք արդեն գիտեք: