Լիլիթ Հարությունյանին շատերը ճանաչեցին Ինստագրամից, իսկ լայն մասսաներին նա հայտնի դարձավ BlogNews LIFE հաղորդումից: Ֆոտոշարքում Լիլիթը ներկայանում է թենիսիստուհու կերպարում, իսկ զրույցի ժամանակ մի քանի բացահայտում է արել իր մասին: Ծնվել է Երևանում, ընդունվել Երևանի պետական համալսարանի ռոմանո-գերմանական ֆակուլտետ, որն ավարտել է գերազանց: 

Համացանցային առաջին բումն իմ անվան հետ էր կապված: Որոշեցի ավելի օրիգինալ լինել, երբ սկսեցի պրպտել և հասկանալ, թե ինչ նշանակություն ունի իմ անունը: Այն հրեական Աստվածաշնչից վերցրած անուն է, և ես որոշեցի, որ իմ անունը պետք է գրվի th-ով: Սկզբում շատերը չէին կարողանում կարդալ, արտաբերել, բայց ժամանակի ընթացքում սովորեցին: Ավելի շատ անունս այնպես արեց, որ ես մի քիչ հայտնի լինեմ: Իսկ լուսանկարներիս հետ կապված՝ ասեմ, որ միշտ փորձում էի մաքսիմալ հետաքրքիր լուսանկարներ տեղադրել: Ինձ թվում է՝ դա նաև նպաստեց, որ հետևորդներիս բանակը շատանա: Մի սկզբունք ունեմ՝ անձնական կյանքս հանրային չեմ դարձնում:

Երբ նոր էի գրանցվել Ինստագրամում, լուսանկարներս հատուկ ժամերի էի տեղադրում: Հիմա պարզապես վարում եմ իմ էջերն այնպես, ինչպես ես եմ ուզում՝ որակյալ լուսանկարներ տեղադրելով: Մի գաղտնիք էլ ասեմ. վերջերս իմ Ինստագրամը դարձրել եմ պաշտոնական բլոգ, որտեղ երևում են իմ էջի ցուցանիշները, և ինձ համար զարմանալի է, որ յուրաքանչյուր նկարս կարող է 30-40 հազար դիտում ունենալ: 

Շատերն են ինձ հարցնում՝ ինչու ոչ ոքի չես հետևում: Իմ ընկերները, ում ես հետևում էի, շատ էին բողոքում, որ իմ հետևորդները նրանց տարբեր հարցերով գրում էին, և ես որոշեցի բացել առանձին էջ, որտեղ կլինեն բացառապես իմ ընկերները: Բայց եթե խոսքը գնում է համաշխարհային աստղերի մասին, ասեմ, որ շատ տարբեր մարդկանց եմ հետևում, օրինակ՝ Աուրետային, ով ֆեշն բլոգգեր է:

Իմ սոցիալական կայքերի լուսանկարներից երբեք չեք կռահի, թե ինչ նախասիրություններ ունեմ: Քանի որ ես հիմա աշխատում եմ BlogNews LIFE-ում, իմ առօրյան հիմնականում անցկացնում եմ հեռուստատեսությունում, հաճախում եմ ՊանԱրմենիան մեդիա դպրոց՝ հաղորդավարական և լրագրության դասերի։ Իսկ երբ ազատ եմ լինում, մարզվում եմ, որովհետև շատ կարևոր է նաև արտաքին տեսքը, գեղեցիկ երևալը: Ինձ հաճախ հարցնում են՝ ինչու ժամանցային վայրերում չեմ լինում։ Պարզապես բնույթս է այդպիսին. չեմ սիրում ամեն տեղ երևալ: Միայն ամռանը կարող եմ միայնակ զբոսնել, այն էլ՝ արագ-արագ քայլելով: 

BlogNews Life-ը իմ կյանքում նոր փուլ է: Ինձ համար սա այլ բնագավառ է, քանի որ ես, այսպես ասած, ամբոխից ֆոբիա ունեմ, դրա համար ես չեմ կարողանում ամեն տեղ գնալ: Այս հաղորդման ընթացքում, միջոցառումներ լուսաբանելով, մարդկանց հետ ավելի շատ շփվելով, կարծես ազատվեցի այդ բարդույթից: Ինչպես մեր դասախոսներից մեկն է ասում, պետք է փորձել այս ոլորտում լավագույններից լինել:

Երբ սովորում էի համալսարանում և գրանցված չէի որևէ կայքում, պետք է ասեմ, որ կրկին հանրահայտ էի: Բայց դժվարանում եմ ասել՝ ինչու: Համալսարանում գերազանց եմ սովորել՝ բացառությամբ մի քանի առարկաների, որոնք չէի սիրում: Իմ մասնագիտությամբ քիչ եմ աշխատել։ ԱՄՆ-ում հայտնի նկարիչ կար՝ Վիլյամ Օ՛Բրայենը։ Երբ նա Հայաստան էր գալիս՝ ցուցահանդես կազմակերպելու, ես միշտ նրա համար թարգմանիչ էի աշխատում: Ինձ շատ տարբեր ոլորտներում եմ փորձել, որը, ինչ խոսք, մեծ պրակտիկա է կյանքի համար, այսինքն՝ կարող ես ամեն ինչից գլուխ հանել:

Մարդիկ, երբ նայում են իմ լուսանկարները, մտածում են՝ գոռոզ եմ: Իրականում պատկերը լրիվ հակառակն է։ Ես բավականին ընկերասեր եմ, կարող եմ շատ շուտ նվիրվել, ինչը, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ: Ով մտածում էր, որ գոռոզ եմ, շփվելուց հետո, միանշանակ, փոխում է կարծիքը: Բայց երբեմն կարող եմ պարզապես պարփակվել և ոչ մեկի հետ չշփվել, այսինքն՝ փոփոխական բնավորություն էլ ունեմ: 

Ես ինձ ամեն ոճի մեջ կարողանում եմ տեսնել, երևի իմ բախտը բերել է: Արտաքնային փոփոխություններ աշխատում եմ չանել, քանի որ ես ավելի շատ նախընտրում եմ մարդու բնական տեսքը, արհեստական ոչինչ չեմ սիրում: Վարսերս չեմ ներկում. կտրուկ փոփոխությունները, կարծում եմ, ինձ համար խորթ կլինեն:

 

 

 

 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարիչ՝ LON

Արտ տնօրեն՝ Կարեն Անտինյան