«Երանի» հեռուստասերիալից հանրությանը հայտնի դերասանուհի Իրինա Այվազյանն իր գեղեցիկ արտաքինի շնորհիվ հաճախ է ասեկոսեների թիրախում հայտնվում: Գեղեցիկ արտաքինի, հեռուստատեսություն մուտք գործելու և առաջիկա պլանների շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը դերասանուհու հետ:
- Իրինա, սովորել եք Բրյուսովի անվան համալսարանի լեզվաբանական ֆակուլտետում, ինչպե՞ս հայտնվեցիք հեռուստատեսությունում՝ սերիալում:
-Մանկուց երազել եմ դերասանուհի կամ երգչուհի դառնալ, միշտ էլ ինչ-որ քայլերի դիմել եմ՝ նպատակիս հասնելու համար: Տարբեր հեռուստանախագծերի համար մի քանի անգամ հայտնվելով ռեժիսոր Վահե Սայանի մոտ` վերջապես անցա քաստինգն ու առաջարկ ստացա նկարահանվելու «Երանի» հեռուստասերիալում:
-Չունենալով դերասանական կրթություն` ինչպե՞ս է Ձեզ հաջողվում նկարահանման հրապարակում հաղթահարել բարդություններն ու գոհացնել ռեժիսորին:
-Իհարկե, սկզբնական շրջանում այդ ամենը մի փոքր խորթ է, բայց երբ բոլոր մանրունքներին սովորում ես, ամեն բան իր տեղն է ընկնում:
-Ի՞նչ արձագանքներ եք լսել Ձեր խաղի մասին:
- Շատ կարծիքներ եմ լսել՝ թե՛ լավը , թե՛ վատը ու դա կարծում եմ բնական երևույթ է:
-Ինչպես եք՞ վերաբերում քննադատություններին, և ո՞վ է Ձեր ամենախիստ քննադատը:
- Իրականում լավ եմ վերաբերվում, որովհետև շատ դեպքերում հենց քննադատությունների շնորհիվ է, որ նկատում ենք այն, ինչ մինչ այդ չենք նկատել: Իմ ամենախիստ քննադատը ես եմ, ինքս ինձ ներսից քննադատելով` ձգտում եմ ավելիին:
-Ինպիսին էր՞ տպավորությունը, երբ առաջին անգամ տեսաք Ձեզ հեռուստաէկրանին:
- Հասկացա, որ սխալ ընտրություն չեմ կատարել:
- Ի՞նչ եք սովորում`փորձառու դերասանների կողքին խաղալով:
-Շատ բան, նույնիսկ ամենահասարակ բանը, որ կարող եք պատկերացնել: Եվ ինձ համար ամենաոգևորիչ ու ամենակարևոր բանն իրենցից գովեստի խոսքեր լսելն է`իմ խաղի վերաբերյալ:
- Ինչպիսին է՞ Իրինա Այվազյանը կերպարից դուրս:
-Կերպարիցս շատ չեմ տարբերվում: Կերպարս ավելի պասիվ են ներկայացրել: Իրական կյանքում շատ ակտիվ եմ, ժամանակիս մեծ մասը սիրում եմ անցկացնել ընկերուհիներիս հետ ու միշտ ծիծաղում եմ:
- Ի՞նչն է Ձեզ ամենից շատ գրավում դերասանի աշխատանքի մեջ:
-Լավ հարց էր, սակայն հստակ պատասխան չեմ կարող տալ:
-«Երանի» հեռուստասերիալն օգնե՞ց Ձեզ ճանաչում ձեռք բերել:
-Այո, իհարկեմ և ոչ միայն ճանաչում ձեռք բերելու, այլև իմ հետագա քայլերն ավելի ճիշտ անելու հարցում:
- Հաճախ է քննարկման թեմա լինում այնմ որ Ձեր արտաքին գեղեցկությունը պլաստիկ վիրահատությունների միջամտության արդյունք է: Ոմանք էլ՝ թե գեղեցիկ արտաքինն է Ձեր միակ ծանոթը, որ հայտնվել եք սերիալում: Ի՞նչ կասեք այդ մասին:
- Ունեմ բնական գեղեցկություն, ոչ մի վիրահատված մաս չկա ինձ վրա: Շատ եմ խոսել այս մասին, հիմա արդեն մի փոքր միևնույն է դարձել՝ կհավատա՞ն, թե՝ ոչ: Հեռուստաէկրաններին էլ հայտնվել եմ առաջին հերթին արտաքին տեսքիս, հետո՝ դերասանական տաղանդ ունենալու շնորհիվ. մեկը մյուսին չի զիջում:
Իրինան նաև հավելեց,որ շուտով իրեն կտեսնենք նոր հեռուստանախագծերում:
Հեղինակ՝Գևորգ Մողրովյան