Ուսուցչուհու և ճարտարապետի ընտանիքում 1986-ի հունվարի 6-ին ծնվում է գեղեցկուհի աղջնակ, որին անվանում են Իրինա: Նրա մանկությունն այնքան էլ հեշտ չի անցնում: Շուտով, երբ ընտանիքը տեղափոխվում է Չելյաբինսկ, մահանում է Իրինայի հայրը: «Ես մեծացել եմ հաշտ ընտանիքում: Ծնողներս շատ էին սիրում իրար, իսկ հայրս միշտ երես էր տալիս մեզ: Նրա կորուստն իմ կյանքում մի մեծ բաց թողեց»:

Մայրը' Տատյանան, ստիպված էր օր ու գիշեր աշխատել, որպեսզի կարողանա մեծացնել 2 աղջիկներին: Համաշխարհային մասշտաբի սուպերմոդելը միշտ ծաղրի է ենթարկվել համադասարանցիների, բակի երեխաների կողմից: «Ես երբեք դուր չեմ եկել տղաներին: Դպրոցում ինձ «չոփիկ», «չունգա-չանգա» էին ասում, քանի որ նիհար էի ու բարձրահասակ, մուգ մաշկով և հաստ շուրթերով»:

Իրինան երազում էր շարունակել մոր ուղին, դասավանդել գրականություն, քանի որ մանկության տարիներին իր սիրելի զբաղմունքն ընթերցանությունն էր: Ավարտելով դպրոցը' քրոջ հետ ընդունվում է տնտեսագիտական քոլեջ: Սակայն երկու գեղեցկուհիների հետաքրքրությունները քոլեջով չէին սահմանափակվում: Տարբեր խմբակներ էին հաճախում աղջիկները: Իսկ շուտով մոր ընկերուհիների հորդորով Իրինան որոշում է փորձել իրեն մոդելային աշխարհում: «Ես միշտ թերահավատորեն եմ վերաբերվել իմ հաջողություններին:Իմ ինքնագնահատականն այնքան ցածր էր, որ ինձ թվում էր,թե ծաղրում են ինձ' ասելով, որ շատ գեղեցիկ եմ»:

Իրինային գրեթե ստիպելով տանում են «Միսս Չելյաբինսկ-2004», որտեղ անհավանական հեշտությամբ Իրինա Շեյքը դառնում է հաղթող: Հենց այստեղից էլ սկսվում է աղջկա մոդելային կարիերան: Շուտով Իրինան թողնում է քոլեջն ու սկսում զբաղվել կարիերայով: Նրա գրավում է հայտնի մոդելային գործակալների ուշադրությունը: Շուտով սկսվում են նաև առաջարկները: Արդեն 2005թ. Իրինային առաջարկում են իրենց հետ համագործակցել համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններ: Նրան հրավիրում են Եվրոպա, ուր աղջիկը սկսում է նկարահանվել տարբեր գովազդներում, մասնակցել ցուցադրությունների: «Իմ երազանքն էր դուրս գալ մեր փոքրիկ քաղաքից, տեսնել աշխարհը, առաջ շարժվել, չսահմանափակվել»:

 

Կարիերայի պահանջով Իրինան որոշում է փոխել ազգանունը. Շայխլիսլամովան դառնում է Շեյք: 2007թ. Իրինան առաջին անգամ հայտնվում է մասշտաբային գովազդային ընկերությունում' գովազդելով Intimissimi ներքնազգեստի բրենդը: Նա դառնում է ընկերության դեմքը: Նրան հաջողվում է նաև հայտնվել Sports Illustrated ամսագրի շապիկին: Դրա համար Իրինան շատ լուրջ մրցույթ է հաղթահարում և առաջ անցնում 10 փորձառու մոդելներից: Սա իսկական հաջողություն էր նրա համար: Դիզայներական տները սկսեցին ուշադրություն դարձնել այս նորահայտ գեղեցկուհու վրա, ով հստակ քայլերով առաջ էր շարժվում մոդելային աշխարհում: Շուտով նրան հրավիրում են համագործակցության այնպիսի հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են Guess, Lacoste, La Perla և այլն: Նրա մասին գրեցին հեղինակավոր Glamour, Elle, Woman, Jalouse և GQ ամսագրերը:

Շուտով իրականացավ մոդելի ևս մեկ երազանք' աշխատել ԱՄՆ-ում: Իրինայի էկզոտիկ տեսքը բացում էր նրա առաջ բոլոր դռները: Միայն այն փաստը, որ արդեն լայն ճանաչում ստացած մոդելին 4 սեզոն շարունակ հրավիրում էին նկարահանվել Sport Illustrated Swimsuit տարին մեկ անգամ լույս տեսնող չափազանց հայտնի ամսագրում, Իրինային մտցրեց բոլոր վարկանիշային աղյուսակների լավագույն հորիզոնականները:

2010թ. Իրինայի համար շրջադարձային հաջողությունների տարի էր: Նրան առաջարկում են դառնալ Armani Exchange նորաձևության տան դեմքը, որը Իրինայի թռիչքային առաջընթացի վառ ապացույցն էր: «Ես չէի հավատում, ինձ թվում էր, թե նրանք մի անգամ էլ կնայեն նկարներս ու կմերժեն ինձ: Ես երբեք իմ նկարները նայելիս էյֆորիայի մեջ չեմ եղել, միշտ աչքի են ընկել թերություններս»:

Հենց այս ընկերության գովազդի նկարահանումների ժամանակ Իրինա Շեյքը ծանոթանում է միլիոնավոր ֆուտբոլասերների կուռք Ռոնալդուի հետ: «Նրա տոլերանտությունը, նրա ուշադրությունը իմ նկատմամբ, ժամերով հեռախոսազրույցները, նվերներն ինձ խելքահան էին արել: Սկզբում ինձ թվում էր, որ դա ժամանակավոր բնույթ կկրի, բայց շարունակվում է մինչ այսօր: Նա ինձ երջանկացնում է ամեն օր»:

Իրինան արդեն բավականին մեծ ճանաչում ուներ, երբ նրա կյանքոմ հայտնվեց աշխարհի ամենաթանկ վարձատրվող ֆուտբոլիստը'Ռոնալդուն: Սակայն աղջկա անձնական կյանքը ավելի է մեծացնում նրա ճանաչվածությունը, նրա մասին խոսում են բոլոր ֆուտբոլասերները, նրա քայլերին սկսում են հետևել Ռոնալդուի միլիոնավոր երկրպագուհիները: Այս անհավանական ռոմանտիկ զույգը կարող է ազատ զբոսնել փողոցներում, համբուրվել նավի վրա, գրկախառնվել խանութում, ազատորեն լուսանկարվել և չվախենալ անձնական կյանքը բոլորին հասանելի դարձնելուց: Գրեթե 3 տարի է, ինչ նրանք միասին են: Քիչ չեն եղել նաև փորձությունները նրանց կյանքում: Լրագրողների մեծ հետաքրքրությունն այս զույգի հանդեպ բերում է նաև վտանգավոր հետևանքների: Անընդհատ հյուսվող բամբասանքները երբեմն խոչընդոտում են այս երկուսի խաղաղ անձնական կյանքին: Վերջերս լրագրողներից մեկը լուրեր էր տարածել Ռոնալդուի դավաճանության մասին, որը հունից հանել էր Շեյքին: Նաև խոսում են այն մասին, թե Իրինան և Ռոնալդուն միասին են մինչև այն պահը, երբ Իրինա Շեյքը կգտնի ավելի հարուստ ու հեռանկարային զոուգընկերոջ: «Բավական է չարախոսել: Եթե Ռոնալդուն դավաճանում է ինձ, դա Ձեր գործը չէ: Ես ներում եմ նրան, նա էլ ինձ: Թույլ չեմ տա իմ անձնական կյանքը ղեկավարել»:

Այո, Իրինան վճռական է տրամադրված, նրան չես կանգնեցնի: Շեյքը հիանալի հարաբերությունների մեջ է նաև Ռոնալդուի տղայի' Ռոնալդու կրտսերի հետ: Նրանք երեքով հանգստացել են ծովափին, մեկնել նավարկության, ձուկ բռնել: «Իրինան խնամում է երեխային իր հարազատի պես: Նրանք այնքան լավ են խաղում միասին, որ ինձ թվում է, թե ես ավելորդ եմ: Ես ու Իրինան շատ փոքրիկներ ենք ունենալու»,- ասում է Ռոնալդուն:

Սուրբ Վալենտինի տոնին Ռոնալդուն ամուսնության առաջարկություն է անում ռուս մոդելին: Նրանց հարսանիքը մի քանի անգամ տարբեր պատճառներով հետաձգվում է, սակայն զույգն առաջվա պես միասին է: Դատելով նրանց նկարներից' նրանք հիմա էլ շատ երջանիկ են, և ամուսնությանն էլ կարծես թե շատ չի մնացել: «Կյանքում մեկ անգամ ես ամուսնանում, պետք է մանրակրկիտ պատրաստվել դրան: Չեմ սիրում, երբ անպատրաստ, խառնաշփոթ հարսանիք է լինում: Բոլոր անհանգստացողներին խորհուրդ եմ տալիս խորը շունչ քաշել. ստիպված չեք լինի երկար սպասել, շատ չի մնացել մեր հարսանիքին»:

Դե ինչ, մեզ մնում է միայն սպասել նորությունների, իսկ մինչ այդ Իրինան բարձրանում է մոդելային կարիեռայի աստիճաններով' միաժամանակ վայելոլով զուգընկերոջ սերն ու հոգատարությունը:

 

Տարբեր բաներ ստիպում են ինձ սեքսուալ զգալ: Երբեմն դա կարող է լինել անգամ գեղեցիկ մանիկյուրը, նոր գնված ներքնազգեստը կամ փողոցի տղայից ստացած կոմպլիմենտը: Բայց ես կարծում եմ, որ սեքսուալ զգալու համար, դու միայն պետք է ճիշտ տղամարդ ունենաս կողքիդ, որը կլրացնի քեզ և թույլ կտա առավել սեքսուալ զգալ ինքդ քեզ:

Դու երբեք չես հասնի հաջողության, երբ կյանքումդ ամեն ինչ հարթ լինի: Քեզ պայքարելու ստիմուլ է անհրաժեշտ, առաջ տանող հանգամանք, գուցե նաև կյանքին հակառակը համոզելու ձգտում:

Իմ ու Ռոնալդուի հարաբերությունները, ի դժբախտություն շատերի, շատ լուրջ են:

Երբ ես խոսում եմ անձնականիս մասին, ես շատ զգույշ եմ արտահայտվում, որովհետև մարդիկ ճանճից փիղ են սարքում, իմ մի հոգոցը կարող են համարել դժբախտ կյանքի արտահայտություն:

Հոգնել եմ կրկնելուց, որ իմ շուրթերը բնական են: Ոչ մի պլաստիկ վիրահատության նրանք չեն ենթարկվել: Չե՞ք հավատում' հարցրեք Ռոնալդուին:

Նելլի Ղարիբյան