Ամերիկահայ անվանի գործարար և բարերար Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ իրականություն դարձած «Խոստում»-ը ֆիլմն այս տարի թողարկված ամենաթանկարժեք ֆիլմերի ցանկում է:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆիլմին անդրադարձել է The Wall Street Journal պարբերականը՝ նշելով, որ Հոլիվուդում այսօր հայտնի գրքի կամ հեռուստանախագծի սցենարի բացակայության պայմաններում բարդ է նման ֆիլմ արտադրել առանց բարերարի:

 

«Քըրքորյանը մեկն է հայկական ծագում ունեցող այն ամերիկացիներից, ով տասնամյակներ շարունակ աջակցել է ամբողջ աշխարհում հայկական բարեգործական կազմակերպություններին: Քըրքորյանի ֆինանսավորմամբ իրականություն դարձած «Խոստում»-ը ֆիլմը մեծ արժեք ունի հայ համայնքի համար 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի կոտորածը ցեղասպանությունների շարքին դասակարգելու տեսանկյունից:

 

Ֆիլմի արտադրողները նախատեսել են ստանալ «Շինդլերի ցուցակը» կամ «Հյուրանոց Ռուանդա» ֆիլմերի նմանությամբ աշխատանք, որը կպատկերի պատմական վայրագությունները:

 

Չնայած կինովարձույթներում ունեցած ոչ հաջող մեկնարկին, «Խոստում»-ը ֆիլմը ազդեցություն կունենա համաշխարհային քաղաքականության ողջ պատմության ընթացքում մարդու իրավունքների խախտումների իրազեկվածության տեսանկյունից»,- գրում է թերթը:

 

WSJ-ը տեղեկություններ է ներկայացրել նաև Քըրքորյան կենսագրությունից:

 

«Քըրք Քըրքորյանը մահացել է 2015 թվականին 98 տարեկան հասակում: Այդ ժամանակ դեռ «Խոստում»-ը ֆիլմը ստեղծված չէր, բայց նա ամեն ինչ արել էր ֆիլմի ստեղծման համար: Նա չէր ուզում, որ ֆիլմը մարդկանց համար դաս կամ դասախոսություն լինի: Նա ցանկանում էր ներկայացնել մարդկանց Հայոց ցեղասպանությունը»,-ասել է բժիշկ Էրիկ Էզրայանը, ով Քըրքորյանին հանդիպել էր նրա մահվանից մի քանի տարի առաջ: