Առաջին ալիքի հեռուստադիտողները շատ շուտով հնարավորություն կունենան հետեւելու «Դեպի եվրատեսիլ» նոր երաժշտական մեգանախագծի ընթացքին, որի մեկնարկը կլինի աշնանը: Յուրաքանչյուր շաբաթ հեռուստադիտողներին հնարավորություն կտրվի հետեւելու մրցութային դժվարին պայքարին, որը արտիստների համար կդառնա ճանապարհ «դեպի եվրատեսիլ»:


«Դեպի եվրատեսիլ» նախագծի մասնակիցներին ընտրելու եւ ողջ ընթացքում ուղղորդելու են «Եվրատեսիլ»-ի հայաստանյան նախորդ տարիների ներկայացուցիչները, ովքեր անցել են եվրատեսիլյան ճանապարհով եւ գիտեն այս հեղինակավոր մրցույթում հաջողության հասնելու բանաձեւերը: Ժյուրիի անդամները 6-ն են՝ Իվետա Մուկուչյան, Արամ MP3. Ինգա Արշակյան, Հայկո, Անուշ Արշակյան եւ Եսայի Ալթունյան:

 

Մրցույթը բաղկացած կլինի 4 փուլերից եւ կտեւի շուրջ 3 ամիս: Նախագծի հաղթողը հնարավորություն կստանա մասնակցելու «Եվրատեսիլ-2017»-ին: Հաղթողը կորոշվի ժյուրիի եւ հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում:

 

Ի դեպ, շարունակվում է մրցույթի հայտագրման փուլը: Նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտը www.eurovision.am կայքում հետեւյալ հղումով'http://www.eurovision.am/hy/application:


Հիշեցնենք, որ մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները եւ արտերկրում բնակվող արմատներով հայ մեր հայրենակիցները, ովքեր 2017 թ-ի մայիսի 9-ի դրությամբ կլինեն առնվազն 16 տարեկան: Նախագծին կարելի է մասնակցել սոլո, դուետ կամ խմբով, որը պետք է բաղկացած լինի առավելագույնը 6 հոգուց:

 

Մասնակիցները կարող են ներկայանալ իրենց հոգեհարազատ երգով: