Woman.ru կայքի ընթերցողները «Նոր ալիք»-ում այս տարի Հայաստանը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանին համարել են երգի մրցույթի լավագույն արտիստ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով կայքը, woman.ru-ի խմբագիր Յուլիա Պոշը հատուկ մրցանակ է հանձնել Գրիգոր Կյոկչյանին:
Շաբաթներ շարունակ կայքի ընթերցողները քվեարկել են իրենց կարծիքով մրցույթի լավագույն արտիստի համար: Գրիգոր Կյոկչյանի համար ձայն է տվել գրեթե 10 հազար մարդ: Նախորդ տարի նույն մրցանակն է ստացել Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը:
Երգիչը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իր օգտին, և ընդգծել է, որ արտիստի համար ամենակարևորը հանդիսատեսի ընդունելությունն է և ոչ թե ստացած միավորները: Գրիգոր Կյոկչյանը շեշտել է, որ իր համար ամենաբարդը եղել է երկրորդ մրցութային օրը, երբ ելույթ է ունեցել IOWA-ի հետ:
«Առաջին և երրորդ մրցութային օրերին բավականին բարձր գնահատականներ ունեի, բայց IOWA-ի հետ մենք պարզապես համաձայնության չեկանք, չսազեցինք իրար, և դա ակնհայտ էր»,- նշել է երգիչը և տեղեկացրել, որ շարունակելու է իր կարիերան Ռուսաստանում:
«Նոր ալիք» երգի մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը մրցութային առաջին կատարել է Boney M.-ի «Sunny», իսկ երկրորդ օրը' IOWA-ի հետ ներկայացրել «Երկու աստղ», երրորդ մրցութային օրը' «Աֆրո» կոչվող ստեղծագործությունները: «Նոր ալիք»-ի այս տարվա հաղթողն է Damir Kedzo-ն' Խորվաթիայից: Գրիգոր Կյոկչյանը վերջնական հաշվարկներով 7-րդն է:
Սոչիում ավարտվել է երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը, որին մասնակցում էին 12 երկրների ներկայացուցիչներ: Այս տարի մրցույթը, որը բոլոր նախորդ տարիներին տեղի էր ունենում Յուրմալայում, առաջին անգամ անցկացվեց Սոչիում հոկտեմբերի 2-11-ը: Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել 2002 թվականին Յուրմալայում: Երաժշտական տոնի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած' ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական Նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-29-ին Մոսկվայում: