«Նոր ալիք» երգի մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը ցանկանում է երրորդ մրցույթային օրն արժանապատիվ ելույթ ունենալ:

Սոչիից  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց երգիչը:

 

«Ես ուզում եմ արժանապատիվ ելույթ ունենալ երրորդ օրը նույնպես, ինչպես արել եմ առաջին օրը: Եվ դրանով ամեն ինչ պարզ կդառնա»,-նշեց Գրիգոր Կյոկչյանը: «Նոր ալիք»-ի երրորդ մրցութային օրը կանցկացվի հոկտեմբերի 10-ին: Երգիչը կատարելու է աֆրիկյան մոտիվներով «Աֆրո» կոչվող ստեղծագործությունը, որի տեքստի հեղինակն ինքն է, երաժշտությանը՝ Մարտին Միրզոյանը: Երգչի խոսքով` մրցույթում տիրում է դրական մթնոլորտ: «Իմ տրամադրությունը բարձր է, և ես շատ լավ հարաբերություններ ունեմ գրեթե բոլոր մասնակիցների հետ»,-հավելեց Գրիգոր Կյոկչյանը:

 

«Նոր ալիք» երգի մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը մրցութային առաջին օրը վաստակել է 85, իսկ երկրորդ օրը` 82 միավոր: Առաջին մրցութային օրը երգիչը կատարել է Boney M.-ի «Sunny», իսկ երկրորդ օրը` IOWA-ի հետ ներկայացրել «Երկու աստղ» ստեղծագործությունը:

 

Գրիգոր Կյոկչյանը մասնակցում է woman.ru կայքի հայտարարած մրցույթին և հաղթելու դեպքում հատուկ մրցանակ կստանա: Կայքն օնլայն քվեարկություն է սկսել, որի արդյունքում ընթերցողները կորոշեն «Նոր ալիք»-ի այս տարվա լավագույն արտիստին: woman.ru-ում հայաստանցիները ևս կարող են քվեարկել Հայաստանի ներկայացուցչի օգտին:

 

Սոչիում հոկտեմբերի 2-ին մեկնարկել է երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը, որին մասնակցում են 12 երկրների ներկայացուցիչներ: Այս տարի մրցույթը, որը բոլոր նախորդ տարիներին տեղի էր ունենում Յուրմալայում, առաջին անգամ անցկացվում է Սոչիում հոկտեմբերի 2-11-ը: Ժյուրիի կազմում ընդգրկվել են ռուս եւ արտասահմանցի երաժիշտներ և արտիստներ, այդ թվում՝ Ֆիլիպ Կիրկորովը, Իգոր Նիկոլաեւը, Վալերիան, Լեոնիդ Ագուտինը, Լայմա Վայկուլեն, Կոնստանտին Մելաձեն, Անի Լորակը, Անժելիկա Վարումը:

 

Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարիԱռաջին մրցույթը տեղի է ունեցել2002 թվականին ՅուրմալայումԵրաժշտական տոնի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսածամեն տարի անցկացվում է նաև «Մանկական Նոր ալիք»-ըորի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-29-ին Մոսկվայում