Դեռևս առաջին «Հայ սուպերսթարում» հզոր ձայնային տվյալներով առանձնացած երգչուհի Աննա Ավետյանը նախագծի ավարտից հետո որոշ ժամանակ մասնակցեց մի շարք համերգային ծրագրերի, ինչից հետո տևական ժամանակ լուռ էր: Հեռուստադիտողների համար շատ ուրախալի էր նրան մեկ այլ հեռուստանախագծի' «Հայաստանի ձայնի» շրջանակներում տեսնելը: Այս նախագծում, սակայն, Աննան երկար չմնաց: Երգչուհին դուրս մնաց մենամարտերի փուլից, ինչը դժգոհություններ առաջացրեց հեռուստադիտողների շրջանում: Այդ դժգոհություններն ավելի տեսանելի էին ցանցաբնակների գրառումներում: ««Հայաստանի ձայնը» ոչ այնքան որպես մրցույթ էի ընկալում, որքան որպես եթերային տարբերակ' ևս մեկ անգամ իմ մասին հիշեցնելու համար,- esyes.am-ի հետ զրույցում ասաց Աննան և հավելեց, որ իրեն իրավունք չի վերապահի խոսել մրցույթի արդարության մասին: -Եթե ինձ համարեին արդարության ճիշտ և սխալ կողմ ընտրող, ես երևի ժյուրիի կազմում կլինեի:) Ինչպես ստացվեց, ստացվեց»:
Աննան անկեղծորեն ասաց, որ մրցույթից դուրս մնալու կապակցությամբ շատ էր տխրել, քանի որ ասելիք շատ ուներ. «Երկար լռության ընթացքում բավականին շատ բան էր հավաքվել, որը կարելի էր տալ ու լավ ձևով ներկայացնել: Չստացվեց: Ինչևէ»:
Երգչուհին պատմեց, որ տևական լռությունը պայմանավորված էր հնարավորության բացակայությամբ: Աննան որոշ ժամանակ ակումբում է երգել, սակայն կարճ ժամանակ անց որոշել է այլևս չաշխատել այդ ոլորտում և երաժշտության հետ կապ չունենալ. «Երևանում բնակարան վարձելն ու այդ ամեն ինչը համակարգելը մի քիչ դժվար է: Երևի ուժերս այնքան էլ մեծ չէին, որ կարողանայի այդ ամենի «տակից դուրս գալ»,- պատմեց Աննան, ով այդ ժամանակ որոշել է գնալ աշխատանքի տեղավորման գործակալություն և այլ աշխատանքի անցել: Արդյունքում որպես մենեջեր աշխատանքի է անցել նախ Երևանի, ապա Վանաձորի սրճարաններից մեկում: Հիմա Աննան չի աշխատում:
Երգչուհին այս պահին չի ցանկանում երաժշտության հետ կապ ունենալ, հիմա փորձում է այլ զբաղմունք գտնել: «Որոշ ժամանակ միանշանակ ոչինչ չեմ անի: Անկեղծ ասած, մի քիչ կոտրված եմ,- ասաց Աննան և նշեց, որ կոտրվելու պատճառներից մեկն էլ մրցույթն է եղել: -Դա այն կաթիլներից մեկն էր, որ ավելացավ»:
Այժմ Աննան իտալերեն է սովորում, քանի որ շատ է սիրում այդ լեզուն: Երգչուհուց հետաքրքրվեցինք, արդյո՞ք երկրից գնալու ցանկություն ունի, ինչին նա դրական պատասխան տվեց. «Հատկապես վերջերս այդ ցանկությունն ավելի է մեծացել: Գուցե ուժերը դրսում փորձելու գաղափարն է կամաց-կամաց հասունանում: Գնալու դեպքում միանշանակ Եվրոպա կգնամ»: Աննան հստակ չնշեց, մշտակա՞ն բնակության համար է ցանկանում մեկնել, թե՞ ժամանկավոր' մեջբերելով իր սիրելի արտահայտություններից մեկը. «Եթե ուզում ես Աստծուն ծիծաղեցնել, պատմիր նրան քո ծրագրերի մասին»:
Մի շարք երգեր կան, որոնք Աննան այս ընթացքում գրել է, սակայն դրանց վրա չի աշխատել. «Եթե դա ձայնագրեմ, հետո պետք է հասցնեմ մարդկանց: Իսկ մարդկանց հասցնելու պրոցեսի համար շատ ճանապարհ պետք է անցնես և խոչընդոտներ հաղթահարես: Եթե այդ պահը կհասունանա, որ հասկանամ, արդեն կարելի է ինչ-որ քայլեր ձեռնարկել, սկսել զրոյից ու հասնել գագաթնակետին, կփորձեմ: Ընկերներս շատ են ասում մի բան արա, ձեռքերդ մի կախի, մենք քո կողքին ենք: Չգիտեմ… մտքեր են ընդամենը: Էնքան մշուշոտ է ամեն ինչ: Ես արդեն մեծ աղջիկ եմ, 30 տարիս բոլորել է ու ամբիցիաների և իլուզիաների հետևից ընկելն այլևս էական չի: Եթե մի քանի տարի առաջ դրա հաշվին կարելի էր առաջ գնալ, հիմա պետք է ռեալ մտածել»:
Աննան չցանկացավ պատասխանել'ինչ խոչընդոտների է հանդիպել շոու բիզնեսում ճանապարհը հարթելիս: Երգչուհին նշեց, որ չի ցանկանում չհիմնավորված բաներ ասել. «Պետք է վերջնականապես հասկանալ, ուժերդ այնքան կհերիքի՞, որ ասես' վերջ, ես պետք է անցնեմ այս խոչընդոտներով ճանապարհը, ինչ էլ որ դա արժենա: Ես վստահ չեմ, որ կկարողանամ այդպես անել: Կան արժեքներ, որոնց վրայով չի կարելի անցնել, դրանք դնել դարակի խորքում և ասել' ճանապարհն անցնելուց հետո դարակից կհանեմ: Կա՛մ պետք է այդպես անել, կա՛մ հասկանալ' արժե՞ ժամանակ առ ժամանակ հայտնվել, հետո էլի լռել»:
Աննա Ավետյանը նշեց, որ գտել է իր երկրորդ կեսին: «Ես բարձրաձայն կարող եմ ասել, որ սիրում եմ և, փառք Աստծո, սիրված եմ ու երջանիկ, որովհետև իմ կողքի տղամարդն ինձ էնքան լավ, դրական լիցքեր ու էմոցիաներ է տալիս, որ կոմպենսացնում է այն, որ երաժշտության մեջ այնքան էլ երջանիկ չեմ»,- ասաց Աննան և հավելեց, որ 1 տարուց ավել է, ինչ ինքն ու սիրելին ընկերություն են անում: Առաջիկայում հնարավոր ամուսնության մասին Աննան առայժմ չխոսեց, քանի որ չի ցանկանում ժամանակից առաջ վազել: