«Քաղաքում» հեռուստասերիալում նկարահանված երգիչ Գոռ Հարությունյանը վերջերս մեկ օրով զինվոր է կրկին դարձել ու ապրել բանակային կյանքով: Երգիչը նկարահանել է իր առաջին տեսահոլովակը:

 

Հիշեցնենք, որ «Շարքային Հարության» կոչվող երգի մասին Գոռը ժամանակին հայտնել էր ESem.am-ին:

 

Սպասված տեսահոլովակն արդեն մոնտաժային փուլում է: Տեսահոլովակի ռեժիսորի պարտականությունները ստանձնել է երգիչ Մհերը, իսկ օպերատորը ռեժիսոր Սուրեն Թադևոսյանն է: «Շարքային Հարության»-ի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երաժշտությանը՝ Աննա Հովները:

 

ESem.am-ի հետ զրույցում Գոռը պատմեց, թե ինչպես են անցել նկարահանումները և ինչպես երգիչ Մհերն ընտրվեց որպես ռեժիսոր: «Տարիներ առաջ, երբ սկսեցի աշխատել երևանյան ակումբներից մեկում, իմ գործընկերներից էր նաև երգիչ Մհերը: Այդ շրջանում ես խաղում էի «Բանակում» հեռուստասերիալում. մի օր Մհերը ինձ զանգեց ու ասաց՝ դու շատ լավ երգիչ ես, ինչո՞ւ չես երգում զինվորի մասին»,-պատմեց երգիչ-դերասանը և ավելացրեց, որ դրանից հետո էլ պատվիրել է զինվորի մասին իր երգը:

Գոռի խոսքով՝ երբ եկել է տեսահոլովակը նկարահանելու ժամանակը, մտածել է, որ հենց Մհերի հետ էլ կարող է նկարահանել, քանի որ վերջինիս միտքն է եղել նման երգ ունենալը:

 

«Քննարկումներից հետո հասկացա, որ այդ գործը կարող եմ հենց Մհերին վստահել. դրանով նա շատ օգնեց ինձ՝ իր վրա վերցնելով ռեժիսորի պարտականությունները»,-ավելացրեց երգիչը:

 

Գոռը պատմեց նաև, որ տեսահոլովակի նկարահանման համար թույտվություն են ստացել Պաշտպանության նախարարությունից և հնարավորություն են ունեցել մեկ օր նկարահանումներ անել զորամասերից մեկում:

 

 

«Շատ հետաքրքիր էր զինվորիների, զորքի հետ շփումը, սակայն այդ օրը շատ չարչարվեցի, քանի որ նկարահանել ենք զինվորական երդման արարողություն ու ամեն ինչ կարգ ու կանոնով ենք արել»,- ավելացրեց Գոռը:

 

Վերջինիս փոխանցմամբ՝ իր առաջին տեսահոլովակը պատրաստ կլինի մինչև Մայիսի 28-ը: Երգիչը խոստացավ նաև, որ առաջին աշխատանքից հետո դադար չի լինի ու այս տարի այլ նորություններ ևս կունենա:


Զրուցեց Արևիկ Իսաջանյանը