Ապրիլի 20-ին երգչուհի Իջինի նոր՝ «Чувства изо льда» տեսահոլովակի պրեմիրան է, իսկ մինչ այդ BlogNews.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է դրա ստեղծման, գաղափարի մասին, ինչպես նաև տրամադրել լուսանկարներ: Երգի հեղինակն Իջինն է, սյուժեի գաղափարն էլ է իրենը: Ինչպես իր մյուս տեսահոլովակներում, ինքն է զբաղվել հագուստի ընտրությամբ, դիմահարդարմամբ և ոճով:

«Երգը սիրո մասին է, դաժան սիրո մասին: Ասածս կհասկանաք տեսահոլովակը դիտելուց հետո: Կարող եմ վստահ ասել, որ այս տեսահոլովակն ավելի շատ նման է կարճամետրաժ ֆիլմի, իսկ ես ներկայանում եմ որպես դերասանուհի: Իրականում սա ինձ համար նոր, հետաքրքիր փորձ է, քանի որ ինձանից պահանջվում էր լավ դերասանական խաղ, և ես առաջին անգամ էի այս կերպարում: Հուսով եմ՝ ինձ մոտ ստացվեց»,- պատմում է Իջինը:

Խոսելով նկարահանումների մասին՝ երգչուհին նշում է, որ դրանք բավական թեթև են անցել՝ շնորհիվ պրոֆեսիոնալ թիմի: Տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Հարությունյանն է, ում հետ արդեն երկրորդ անգամ է համագործակցում: Երգչուհու խոսքով՝ նա միանգամից հասկանում է իր գաղափարները և փորձում իրականություն դարձնել:

«Տեսահոլովակում նկարահանվել են բավականին հայտնի արտիստներ՝ Ալեքսանդր Շալյապինը և Դանիլա Յակուշևը: Կար մի գաղափար, որ ես ուզում էի իրականացնել, բայց այդպես էլ չէր ստացվում: Այս տեսահոլովակում գրաֆիկայի շնորհիվ դա իրականություն դարձավ: Հուսով եմ՝ մարդիկ կզգան այն, ինչ ցանկացել ենք փոխանցել, գուցե ինչ-որ տեղ էլ գտնեն իրենց»:

Այն հարցին՝ մարդկանց ավելի շատ դուր են գալիս նրա երգե՞րը, թե՞ ավելի շատ այն, ինչ ներկայացնում է տեսահոլովակում, երգչուհին նշում է. «Մեկը նայում է, որովհետև ես ունեմ վառ կերպար, մեկը նայում է, որովհետև հավանում է իմ երաժշտությունը: Ինձ համար ամենակարևորև այդ ամենի ամբողջությունն է, քանի որ դա ես ինքս եմ ստեղծում: Եթե նրանց դուր է գալիս հագուստս, դա ինձ համար հաճելի է, եթե երգը, դա ևս հաճելի է»:

Նոր աշխատանք անելիս երգչուհու համար կարևոր է, որ այն գերազանցի նախորդին. «Երբ տեսահոլովակը նայեք, կհասկանաք՝ որքան թանկ է արժեցել: Ես կարող եմ ասել միայն մի բան․ երբ նոր աշխատանք եմ անում, այն պետք է գերազանցի նախորդ աշխատանքիս: Ես չեմ կարող հետքայլ անել, դրա համար ես աշխատում եմ յուրաքանչյուր անգամ անել նոր, հետաքրքիր բան: Վստահությամբ կարող եմ ասել, որ նման տեսահոլովակ ոչ ոք չունի, ո՛չ նման սյուժեով, ոչ էլ նկարահանումներով:  

Ինձ համար կարևոր է, որ իմ տեսահոլովակներում լինի ոչ միայն գեղեցիկ տեսարան, այլև ամենակարևորը՝ իմաստ: Կա խորը միտք, փիլիսոփայություն: Ես երբեք չեմ ձգտել լինել կոմերցիոն երգչուհի, ես միշտ գրում եմ այնպիսի երգեր, որոնք իմ սրտով են, և հաշվի չեմ առնում կոմերցիան: Դրա համար ինձ համար տեսահոլովակներում կարևոր են միտքը, տեսարանը և ասելիքը»:

 

blognews.am