Երգչուհի Եվա Ռիվասը իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է իրեն քննադատողներին: Երգչուհին, մասնավորապես, գրել է.
«Ինձ համար 100% սպասելի էր, որ իմ գրառումից հետո ակտիվանալու է հակաՌիվասական շարժման ակտիվիստների բանակը, բնականաբար, իմ վաղեմի ծանոթի գլխավորությամբ՝ այն կնոջ, ով իմ հաղթանակից հետո` Եվրատեսիլի նախընտրական փուլում, անձրևանոցով ծեծել էր լրագրողին, անկասկած, բարձր բարոյականություն ունեցող մարդ է: Շատ ցավալի է, որ շատերը նույնիսկ իմ այդ գրառման իմաստը չեն հասկացել և սկսել են գրել նախանձի մասին, որը երբեք բնորոշ չի եղել իմ բնույթին:
Հենց ես եմ միշտ ասել՝ մի նախանձեք: Եթե Դուք տեսնում եք, որ որևէ մեկը ձեզնից ավելի լավն է` աշխատե'ք Ձեր վրա: Աճեք: Հասե'ք Ձեր նպատակին: Այդ իսկ պատճառով բարի եղե'ք, Ձեզնով մի' դատեք, խնդրում եմ:
Ես repost եմ անում այդ մարդու լուսանկարը, դա հիմա ի՞նչ է նշանակում, որ ես հիանո՞ւմ եմ նրանով, թե՞ նախանձում եմ: Այնուհետև, երկրորդ նախադասությունը. «Ես այլևս, ոչ մի բան չեմ անի այս երկրի համար»: Այս նախադասությունը բուռն արձագանք ստացավ, ոմանք ուրախացան և ասացին, թե ես ինչ եմ արել իբրև այս երկրի համար: Թանկագիններս, ես Ժաննա Դարկը չեմ, որ այնպիսի բան անեմ, ինչի մասին դուք խոսում եք: Դուք պետք է հասկանայիք այդ բառերի իմաստը, որոնց տակ թաքնվում էր միայն հակակրանք այն բանի համար, որ ես, կամ որևէ մեկը, եթե մի բան անում ենք` կարևոր չէ լավ, թե վատ, դա մեր ազգը չի գնահատում և չի էլ գնահատի: Այդ իսկ պատճառով, մենք կորցրել ենք մեր միասնականության ոգին, քանի որ հենց դուք եք, որ տապալում եք ձերոնց: Մի՞թե կարելի է այդպես:
Ինձ հարցրել են. «Եվա, ինչո՞ւ ես դու այդպես գրել»: Իսկ ինչո՞ւ ոչ, ինչո՞ւ ես պետք է անվերջ, անխոս լսեմ ասեկոսեները, վիրավորանքները, վիրավորական բնույթի խոսքերը, քննադատությունն այն բանի համար, որ ես չեմ արել: Եվ այդ բոլոր նվաստացումները նրա համար էին, որ ես ուղղակի միշտ ցանկացել եմ երգել հայոց լեզվով: Երբ ես իմ ցավակցությունը հայտնեցի զոհված ընտանիքին, ինձ անվանեցին երկերեսանի և մեղադրեցին՝ ասելով, որ դա անկեղծ չէր: Երբ ես արտասվեցի կույր մարդուն տեսնելով` ասացին, որ դա էժանագին շոու է, որ ես իրականում չեմ կարող այդպիսին լինել: Երբ ես փողոցի մեջտեղում կարմիր լույսի տակ մեքենայից դուրս եկա, որպեսզի փողոցում նստած կնոջը գումար տամ, իմ ետևից ես լսեցի. «Ամեն ինչի պատրաստ է, որպեսզի իրան միայն տեսնեն»:
Ես կարող եմ անվերջ շարունակել: Ի՞նչ է կատարվում ձեզ հետ, մարդիկ: Ինչո՞ւ դուք չեք կարողանում գնահատել այն, ինչ ունեք: Ես գիտեմ երկրներ, որտեղ ամեն «կենդանի հոգու» համար պատրաստ են բոլորին «մեջտեղից պատռել», քանի որ, եթե նա նույնիսկ ոչ մի բան չի անում, նա ապրում է այդ երկրում և գնահատվում: Այդ իսկ պատճառով, այստեղից բոլորը հեռանում են, քանի որ դուք ուտում, ստում, դավաճանում և ատում եք բոլոր նրանց ովքեր, գոնե, ինչ-որ բանով ավելի հաջողակ, գեղեցիկ, լավն են կամ էլ ունևոր են ձեզնից:
Դուք ձեզ համարում եք լավը, ճշմարտացի և անվերջ ինձ նմաններին ցեխով եք պատում: Եվ ինչի՞ համար: Իսկ արժեր, որ ես մեկ անգամ ճշմարտությունը ասեի, դուք դուրս եկաք իմ դեմ և ինձ վատ մարդ հանեցիք: Եթե մարդը սայթաքում է, ապա աջակցեք և օգնեք նրան, որպեսզի նա փոխվի, ոչ թե հալածեք:
Ես ուղղակի ասել եմ այն, ինչի մասին ուրիշները լռել են և ինձ վրա եմ վերցրել հարվածը, որին արդեն սովոր եմ, քանի որ ես տանել չեմ կարողանում կեղծավորությունը: Ես այն մարդն եմ, ում քիչ էր մնում սպանեին` Քիմի մերկ լուսանկարը տեղադրելու համար: Ես ստիպված էի եղել պաշտպանվել բոլորից: Իսկ հիմա, բոլորը մոռացել են դրա մասին և երկրպագում են, քանի որ, ի սկզբանե, նա հենց դրան էլ արժանի է, այլ ոչ թե նրան, որպեսզի իրեն անվանեն հայերի խայտառակություն: Սակայն, ես վստահ եմ, որ որոշ ժամանակ անց, դուք նրան կրկին կսկսեք այդպես անվանել: Դուք չեք ուզում հասկանալ, որ այդ գրառմամբ ես չեմ կպնում Քիմին, ոչ էլ երկրին: Այդ գրառումս ուղղած էր մարդկանց և իրենց բնույթին:
Իսկ ինձ դրդել է այս գրառումը կատարել, այն, որ ես երեկ առավոտյան իմ հասցեին վիրավորական նամակ եմ ընթերցել: Ինձ վիրավորել են բացարձակապես ոչ մի բանի համար: Համբերության բաժակն արդեն լցվել է: Այնպես որ, ինչքան էլ, որ դուք ուզեք՝ Քիմի գալը սրա հետ կապ չունի:
Ոչ ոք երբևէ Ձեզ համար լավը չի լինի: Այն, ինչ ունենք, չենք պահպանում, իսկ կորցնելուց էլ լաց ենք լինում: Այդ իսկ պատճառով մարդկանց սկսում են գնահատել և սիրել իրենց մահվանից հետո: Շատ ցավալի է, որ ես անմիջապես չկարողացա իմ միտքը ճիշտը տեղ հասցնել, և իմ գրառումը սխալ ընդունվեց»: